Նոյեմբերի 19-ին Երևանում մեկնարկեց ԹԻՀԿ Հակակոռուպցիոն 4-րդ դպրոցը, որի շրջանակներում հյուրընկալվել են տարբեր մասնագիտություններ ունեցող 22 երիտասարդներ՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի և Արմավիրի մարզերի տարբեր համայնքներից։

Հակակոռուպցիոն 4-րդ դպրոցի բացման արարողության պատվավոր հյուրն էր ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն, ով մասնակիցների հետ հանդիպման ընթացքում շեշտադրեց երիտասարդների ներգրավվածության և ոչ ֆորմալ կրթության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում։

Միջոցառման հյուրն էր նաև ԱՄՆ ՄԶԳ «Բարեվարքություն» ծրագրի ղեկավար Լարի Հելդը, ով ներկայացրեց կազմակերպության ծրագրերը և Հակակոռուպցիոն դպրոցի մասնակիցների հետ հնարավոր համագործակցության եզրերը։

Վեցօրյա դասընթացներն ունեն բավականին հագեցած բովանդակություն և կենտրոնանում են առանցքային հակակոռուպցիոն թեմաների վրա, ինչպիսիք են կոռուպցիայի չափման մեթոդները, հակակոռուպցիոն քաղաքականությունը, բարեվարքության, հայտարարագրման համակարգերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն դրսևորումները և այլ թեմաներ։ Դպրոցի շրջանակներում մասնակիցները ծանոթանում են նաև կոռուպցիայի դեմ պայքարի գործիքներին, ինչպիսիք են ազդարարման, հանրային մոնիտորինգի, հետաքննական և այլ մեխանիզմները։ Ոլորտային գիտելիքներից զատ դպրոցը նպաստում է նաև մասնակիցների առաջնորդության հմտությունների զարգացմանը։

Սույն կրթական ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: