Ապրիլի 6-ին տեղի ունեցավ հանրային կառավարմանը նվիրված փորձագիտական քննարկում «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ԹԻՀԿ-ը Եվրոպական միության աջակցությամբ՝ «Քաղաքական երկխոսություն» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում են գիտահետազոտական աշխատանքներ և քննարկումներ՝ հանրային կառավարման և ժողովրդավարական հաստատություններին առնչվող տարբեր հարցերում ներգրավված փորձագիտական շրջանակների մասնակցությամբ:

Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, ինչպես նաև հանրային կառավարման ոլորտի 13 փորձագետ։ ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ներկայացուցիչ Անետա Բաբայանը ներկայացրեց Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականը ռազմավարության տեսլականը։ Փորձագետների դիտարկումները հիմնականում անդրադառնում էին ռազմավարության առաջնահերթություններին, սահմանափակումներին և ժամանակային ասպեկտներին, նյութի խորությանը և ծավալներին: Ընդգծվեց լրացուցիչ հետազոտությունների կարիքը և փորձագիտական հետագա քննարկումների կարևորությունը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նմանօրինակ հանդիպումների շարք՝ ավելի կոնկրետ թեմաների շուրջ: