Հունիսի 15-ին ԹԻՀԿ-ն ամփոփեց «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը՝ շրջանավարտներին ավարտական հավաստագրերի շնորհմամբ ։ Դասընթացն իրականացվում էր ԹԻՀԿ-ի և Պետական կառավարման ակադեմիայի համագործակցությամբ՝ Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստանի օժանդակությամբ։

Ութամսյա դասընթացի ընթացքում անցկացվել են «Կոռուպցիայի ներածություն», «Հակակոռուպցիոն քաղաքականություն և հաստատություններ», «Հանրային ծառայության բարեվարքության համակարգ», «Կոռուպցիայի համար պատասխանատվությունը», «Կոռուպցիան քաղաքական գործունեության մեջ», «Կոռուպցիան տնտեսական գործունեության մեջ» մոդուլները` ներառելով բազում դասախոսություններ, սեմինարներ, բանավեճեր, որոնք միտված էին ուսանողներին տրամադրելու բազմակողմանի գիտելիքներ կոռուպցիայի, դրա ծնող գործոնների, տեսակների, քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի, դրա հետևանքների, հակակոռուպցիոն քաղաքականության և հաստատությունների, կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի և բարեվարքության, աշխարհում և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Հավաստագրերի շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ, շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը՝ հաջողություն և բեղմանվոր աշխատանք մաղթելով շրջանավարտներին և վերջիններիս շնորհելով համապատասխան հավաստագրերը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը, Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստանի ղեկավար Դավիթ Ամիրյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։