Լույս է տեսել «Քաղաքացիական հասարակության միջավայրի գնահատում Արևելյան գործընկերության երկրներում» Հայաստանի մասին զեկույցը, որը ներկայացնում է ՔՀԿ նպաստավոր միջավայրի՝ «ՔՀԿ չափիչ» մեթոդաբանությամբ իրականացված փորձնական ուսումնասիրության արդյունքները։ «ՔՀԿ չափիչը» (CSO Meter) Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության միջավայրի գնահատման համար մշակված գործիք է, որը բաղկացած է 10 տարբեր ոլորտներում իրավական և գործնական միջավայրի գնահատման չափորոշիչներից և ցուցանիշներից:

Ուսումնասիրության մեթոդները ներառում են իրավական ակտերի, առկա հետազոտությունների և այլ փաստաթղթերի ու նյութերի վերլուծություն, ՔՀԿ-ների մասնակցությամբ ֆոկուս-խմբային քննարկումներ (ՖԽ), փորձագիտական հարցազրույցներ և ՔՀԿ-ների ներկայացուցիչների առցանց հարցում։

Զեկույցում անդրադարձ է կատարվել ՔՀԿ նպաստավոր միջավայրի տասը ոլորտների (միավորումների ազատություն, հավասար վերաբերմունք, ֆինանսավորման մատչելիություն, խաղաղ հավաքների ազատություն, որոշումների ընդունման գործընթացում մասնակցելու իրավունք, խոսքի ազատություն, մասնավոր կյանքի իրավունք, պետության կողմից պաշտպանության պարտականություն, պետական աջակցություն, պետություն–ՔՀԿ համագործակցություն) չափանիշների վերաբերյալ առավել նշանակալի բացահայտումներին։ Զեկույցի ուշադրության կենտրոնում են մասնավորապես այն խնդրահարույց հարցերը, որոնք կարող են հիմք ծառայել ջատագովության հետագա նախաձեռնությունների համար։

2018 թվականին Հայաստանում նշանակալի քաղաքական փոփոխություններ տեղի ունեցան, երբ ապրիլի զանգվածային ցույցերի արդյունքում նոր վարչապետ ընտրվեց և կառավարության կազմը փոխվեց, իսկ հետագայում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս քաղաքական փոփոխությունները, որոնք ստացան «թավշյա հեղափոխություն» անվանումը, որոշ բարելավումներ բերեցին խոսքի ազատության, հավաքների ազատության, ազատ ընտրությունների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: ՔՀԿ-ները և ոչ ֆորմալ քաղաքացիական խմբերն ակտիվ դերակատարություն ունեցան 2018 թվականի բողոքի ցույցերում, իսկ հետագայում ներգրավվեցին կառավարության հետ խորհրդակցությունների և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգի գործընթացներում: Քաղաքացիական հասարակության բազմաթիվ ակտիվիստներ ներառվեցին նոր կառավարության կազմում կամ պատգամավոր ընտրվեցին:

Հայաստանում կան ավելի քան 5000 գրանցված ՔՀԿ-ներ, որոնք ներառում են հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները: Ըստ գնահատականների՝ ակտիվ գործունեություն է ծավալում նրանց մոտ 20 տոկոսը։ Ֆինանսական կայունությունը Հայաստանի ՔՀԿ-ների առջև ծառացած հիմնական մարտահրավերներից է, քանի որ ՔՀԿ հատվածը մեծապես կախված է միջազգային դոնորների ֆինանսավորումից, իսկ ֆինանսավորման տեղական աղբյուրները փոքրաթիվ են։ ՔՀԿ-ների կազմակերպական կարողություններն աստիճանաբար բարելավվում են, և ավելի շատ ՔՀԿ-ներ են ներքին կանոնակարգեր մշակում և ռազմավարական պլանավորում նախաձեռնում։ ՔՀԿ-ներից քչերն են թափանցիկ գործելակերպ դրսևորում, որը հանրության կողմից ՔՀԿ-ների նկատմամբ վստահության ցածր մակարդակի պատճառներից մեկը կարող է լինել։ Մյուս կողմից՝ վստահության ձևավորմանը չեն նպաստում նաև ՔՀԿ-ների մասին այնպիսի կարծրատիպերը, ըստ որոնց` ՔՀԿ-ները «գրանտակեր» կազմակերպություններ են, որոնք հետևում են արտաքին օրակարգին և վնասում ավանդական արժեքներին:

Միավորումների ազատության ոլորտում իրավական կարգավորումները հիմնականում բարենպաստ են ՔՀԿ-ների համար։ ՔՀԿ-ները կարող են գործել՝ առանց գրանցվելու անհրաժեշտության, իսկ գրանցման ընթացակարգը թանկ չէ և տևում է առավելագույնը 15 օր։ Առցանց գրանցումը ՔՀԿ-ների համար հասանելի չէ, սակայն 2018 թվականից հնարավորություն է տրվել գրանցման փաստաթղթերը ներկայացնել պետական ռեգիստրի մարզային գրասենյակների միջոցով։ Գրանցման վարչարարության հետ կապված որոշ խնդիրներ, այնուամենայնիվ, կան, ներառյալ՝ որոշ փոքր թերությունների, ինչպես օրինակ՝ տառասխալների կամ կետադրական նշանների պատճառով փաստաթղթերը վերանայելու կամ կանոնադրության տեքստը կառավարության կողմից հաստատած օրինակելի նմուշին համապատասխանեցնելու պահանջները։ Միավորումների ազատության ոլորտում բացահայտված մյուս խնդիրներից է պետության կողմից ՔՀԿ-ների գործունեության վերահսկման շրջանակի սահմանման անհրաժեշտությունը։

Գրանցման գործընթացներում և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելիս առևտրային ընկերությունների համեմատ ՔՀԿ-ները խտրական վերաբերմունքի են հանդիպում։ Գրանցման վճարը ՔՀԿների դեպքում ավելի մեծ է, գրանցման ժամկետներն՝ ավելի երկար, իսկ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու դեպքում առկա հարկային կարգավորումներն ավելի անբարենպաստ են։ Մյուս կողմից՝ առևտրային ընկերությունների համեմատ ՔՀԿ-ներում հարկային ստուգումներ ավելի քիչ են իրականացվում։ ՔՀԿ-ների միջև արտահայտված խտրական մոտեցում չի նկատվել, թեև որոշ ՔՀԿ-ներ նշում են, որ պետական ֆինանսավորման և որոշումների ընդունմանը մասնակցության տեսանկյունից ՔՀԿ-ների նկատմամբ տարբերակված մոտեցում է կիրառվում։

ՔՀԿ-ների համար օրենքով հասանելի են ֆինանսավորման բազմազան աղբյուրներ, ներառյալ՝ հանրային դրամահավաք, միջազգային դրամաշնորհներ, մասնավոր նվիրատվություններ և պետական ֆինանսավորում։ Պետական ֆինանսավորման թափանցիկության պակասը և չափանիշների անհստակությունն այս ոլորտի հիմնական խնդիրներից են։ Թեև օրենսդրական փոփոխություններից հետո հասարակական կազմակերպություններին հնարավորություն է տրվել ուղղակի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, ՔՀԿ-ները նշում են, որ տնտեսական գործունեություն սկսելու համար բավարար խթաններ չկան։ Միջազգային որոշ կազմակերպություններից ֆինանսավորում ստացող ՔՀԿ-ները քննադատության և պիտակավորման թիրախ են դառնում առանձին հասարակական խմբերի կողմից։

Խաղաղ հավաքների ազատության ոլորտում իրավիճակը իրավական տեսանկյունից բարենպաստ է, իսկ գործնական առումով բարելավվել է կառավարության փոփոխությունից հետո։ 2018 թվականի հեղափոխության ընթացքում և նախորդող տարիներին գրանցվել են ոստիկանության կողմից բռնությունների, ճնշումների, հավաքներին անհարկի միջամտության, բերման ենթարկելու և ոստիկանական ուժի ու հատուկ միջոցների անիրավաչափ կիրառման բազմաթիվ դեպքեր։ Այս ոլորտում խնդրահարույց են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կողմից խաղաղ հավաքի իրավունքի իրացման խոչընդոտները, ոստիկանության հայեցողական մոտեցումը և ոստիկանների կողմից իրավախախտումների արդյունավետ քննության ու պատասխանատվության ենթարկելու ոչ բավարար ջանքերը։

Որոշումների ընդունման գործընթացում ՔՀԿ-ների մասնակցության համար բազմաթիվ իրավական հիմքեր ու հարթակներ կան նախատեսված, այդ թվում՝ օրենսդրական նախագծերի պարտադիր հանրային քննարկումները, նախարարություններին կից հասարակական խորհուրդները, հանրային լսումների հնարավորությունը և տարբեր ոլորտներում ձևավորված համատեղ աշխատանքային խմբերը։ Տեղական ինքնակառավարման մասին օրենքը ևս բազմաթիվ դրույթներ է պարունակում համայնքի կառավարման հարցում բնակչության մասնակցության համար։ Այս ոլորտում խնդիրները կապված են օրենքի կիրառման և հանրային մասնակցության արդյունավետության հետ, քանի որ, ըստ հետազոտության մասնակիցների, քննարկումներն ու մասնակցային հարթակները կարող են «ձևական» բնույթ կրել։

Խոսքի ազատությունը Հայաստանում ներկայումս նշանակալի սահմանափակումների չի հանդիպում՝ ի տարբերություն մինչհեղափոխական ժամանակաշրջանի, երբ սուր քննադատություն արտահայտող իրավապաշտպանները կարող էին ճնշումների ենթարկվել։ Միևնույն ժամանակ առկա են հանրային անհանդուրժողականության միտումներ, սոցիալական ցանցերում զգալիորեն ավելացել է ատելության խոսքը, որը տարածվում է նաև լրատվամիջոցներով, ընդ որում՝ այն հստակ չի կարգավորվում օրենքով և չի պատժվում։ Այս ոլորտում խնդիրներ են արձանագրվել նաև հեռարձակվող լրատվամիջոցների օրենսդրական կարգավորումների առնչությամբ, ինչպես նաև փոքր համայնքներում դեռևս պահպանվող՝ կարծիքն ազատորեն արտահայտելու հարցում մարդկանց որոշակի կաշկանդվածության հետ։

Մասնավոր կյանքի իրավունքը օրենքով և գործնական մակարդակում ընդհանուր առմամբ պաշտպանված է, թեև անձնական տվյալների արտահոսքի դեպքեր են լինում։ Սակայն թերի է պետության կողմից երրորդ անձանց հարձակումներից պաշտպանությունը, հատկապես հանրության համար զգայուն հարցերով զբաղվող՝ ԼԳԲՏ անձանց, կանանց և կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների և իրավապաշտպանների պարագայում։ Ավելին, որոշ պետական պաշտոնյաներ իրենք են ատելության խոսք օգտագործում և խտրականություն դրսևորում վերոնշյալ խմբերի նկատմամբ։

ՔՀԿ-ներին կանոնավոր աջակցություն է տրամադրվում պետական և համայնքային բյուջեից։ Ֆինանսավորման տրամադրման ընթացակարգը և աշխատանքի արդյունքները, որպես կանոն, թափանցիկ և հասանելի չեն եղել հանրության համար։ Ներկայումս քայլեր են ձեռնարկվում պետական աջակցության թափանցիկության ու մրցակցային ընթացակարգերի ներդրման ուղղությամբ։ Բարեգործական ծրագրերի իրականացման դեպքում ՔՀԿ-ները կարող են օգտվել որոշակի հարկային արտոնություններից, սակայն ընդհանուր առմամբ ՔՀԿների համար սահմանված հարկային արտոնություններն անբավարար են։ Կամավորական աշխատանքի օգտագործման առումով ՔՀԿ-ները խոչընդոտների չեն հանդիպում, միևնույն ժամանակ կամավորությունը խթանող քաղաքականություն կամ կարգավորումներ չկան։

Պետություն–ՔՀԿ համագործակցության վերաբերյալ առանձին ռազմավարություն կամ քաղաքականություն չկա։ Մի քանի տարի առաջ մշակված՝ ՔՀԿ-ների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգը օրենսդրական փոփոխությունների միջոցով մասամբ իրականացվել է։ Պետության և ՔՀԿ-ների միջև համագործակցության հիմնական ինստիտուցիոնալ մեխանիզմներն են Հանրային խորհուրդը և նախարարություններին ու մարզպետարաններին կից հասարակական խորհուրդները, ինչպես նաև ոլորտային աշխատանքային խմբերը։ Այս մարմինների արդյունավետությունը տարբեր է՝ կախված ներգրավված ՔՀԿ-ների ակտիվությունից ու հմտություններից և պատասխանատու պաշտոնյաների մոտեցումներից։

«ՔՀԿ չափիչը» մշակվել է «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» և Արևելյան գործընկերության երկրների մի խումբ հասարակական կազմակերպությունների կողմից։ Հայաստանում ծրագրի գործընկերն է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ)։

Զեկույցը և ՔՀԿ չափիչ գործիքը հասանելի են ԹԻՀԿ կայքում: ՔՀԿ չափիչի կայքում կարելի է լրացուցիչ տեղեկություններ ստանալ գործիքի մասին, ինչպես նաև ծանոթանալ Արևելյան գործընկերության երկրների գործընկերների զեկույցներին: