Քաղաքացիական հասարակության բազմաթիվ կառույցներ, դիտորդական առաքելություններ և ընտրություններին մասնակցող կուսակցություններ տարիներ շարունակ բարձրաձայնել են, և կա ձևավորված հասարակական կարծիք, որ Հայաստանից բացակայող քաղաքացիների քվեները օգտագործվում են ընտրությունները կեղծելու նպատակով և որ արդար ընտրական համակարգի և ընտրական իրավունքի պաշտպանության հարցում քվեարկողների կողմից ստորագրած ցուցակների հրապարակումը հայաստանյան պայմաններում չունի այլընտրանք:

2016թ. սեպտեմբերի 10-ին ԱԺ հինգ խմբակցությունների կողմից նախաստորագրվել է «Հայտարարություն նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնեցման մասին» փաստաթուղթը, որն ամրագրում է մեխանիզմներ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման համար:

Քվեարկության օրինականության վերահսկման մի շարք մեխանիզմների ստեղծման, հատկապես` ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման, տեղամասերը տեսախցիկներով հագեցնելու, քվեարկության և արդյունքների ամփոփման փուլերի տեսաձայնագրման և ուղիղ հեռարձակման պահանջի կատարումն առաջընթաց է: Կարևորվում և դրական ենք գնահատում քաղաքական ուժերի կողմից ձեռք բերված համաձայնությունը և երկխոսությունը քաղաքացիական հասարակության հետ: Այդ մեխանիզմների մշակման գործում էական ազդեցություն և մասնակցություն են ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Ակնկալում ենք, որ նախաստորագրված փաստաթղթում ամրագրված գաղափարները պատշաճ կերպով կյանքի կկոչվեն Հայաստանի իշխանությունների կողմից` նաև այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Հուսով ենք, որ դրանք հնարավորություն կտան կանխարգելելու ընտրակեղծարարության մի շարք դրսևորումներ, ինչպիսիք են` բազմակի քվեարկությունը, քվեաթերթիկների լցոնումը, կամ մասնակցության ուռճացված ցուցանիշների հաշվին ընտրությունների արդյունքների կեղծումը:

Միևնույն ժամանակ, ակնկալում ենք որ ընտրական գործընթացների բարելավմանը միտված քաղաքական կամքի դրսևորումները կստանան շարունակական բնույթ և շուտափույթ լուծում կտան ընտրական օրենսդրության այլ խնդիրներին` նպատակ ունենալով ստեղծելու երաշխիքներ ազատ և արդար ընտրությունների համար: