ԹԻՀԿ-ը 2021թ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախատեսում է քարտեզագրել ընտրություններին առաջադրվող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների դիրքորոշումները հանրությանը ներկայում մտահոգող մի շարք մարտահրավերների և դրանց լուծումների առնչությամբ:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում հարցաշարը, որն ուղարկվել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին առաջադրված կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։ Հարցման պատասխաններն ակնալվում են մինչև ս.թ. հունիսի 6-ը։

Հարցում

1. Որո՞նք են Ձեր քաղաքական թիմի ծրագրային առաջնահերթությունները գալիք 5 տարիների համար:

2. Ո՞րն է Ձեր քաղաքական թիմի մոտեցումը առաջիկա 5 տարում ՀՀ Սահմանադրության հնարավոր փոփոխության առնչությամբ:

3. Ինչպիսի՞ն պետք է լինի կառավարման համակարգը Հայաստանում:

4. Ինչպե՞ս եք պատկերացնում պաշտպանության համակարգը Հայաստանի Հանրապետությունում:

5. Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքավորումը անվտանգության ոլորտում հարաբերությունների առումով:

6. Ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ:

7. Ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի հարաբերությունները այլ երկրների հետ:

8. Ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ:

9. Ինչպե՞ս պետք է զարգանան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները առաջիկա 5 տարիներին:

10. Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը միջազգային իրավական գործիքակազմ օգտագործելու առումով:

11. Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը սահմանազատման/սահմանանշման հարցի վերաբերյալ:

12. Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը տրանսպորտային ուղիների/ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցի վերաբերյալ:

13. Ինչպիսի՞ն եք տեսնում Արցախի տարածքի վերականգնման հնարավորությունները առաջիկա 5-10 տարիներին:

14. Ինչպիսի՞ հիմնական քաղաքականություն եք առաջարկում վարել առաջիկա 5 տարում՝ նախորդ հարցի Ձեր կողմից նշված պատասխանի լուծմանը հասնելու համար:

15. Արցախի ինչպիսի՞ կարգավիճակի ուղղությամբ եք պատրաստվում աշխատել՝ առաջիկա 5 տարում:

16. Ինչպիսի՞ն պետք է լինի Մինսկի խմբի դերակատարումը արցախյան հակամարտության կարգավորման հարցում:

17. Ինչպիսի՞ն պետք է լինի խաղաղապահ առաքելությունն Արցախում

18. Ի՞նչ ուղղությամբ է պետք զարգացնել հակակոռուպցիոն քաղաքականությունը

19. Առաջնահերթ ի՞նչ միջոցառումներ եք կարևորում՝ կոռուպցիայի դեմ պայքարը ավելի արդյունավետ դարձնելու համար:

20. Ի՞նչպիսի դիրքորոշում ունեք խոշոր գործարարներին կուսակցությունների նախընտրական ցուցակներում ընդգրկելու, ՀՀ ազգային ժողովում ընտրվելու կամ այլ պետական պաշտոններում նշանակելու առումով:

21. Հարկման տարբերակներից ո՞րն է Ձեր տեսանկյունից առավել նպատակահարմար կիրառել Հայաստանում:

22. Որո՞նք եք համարում Հայաստանի տնտեսության առաջնահերթ 5 ճյուղերը, որոնց զարգացման ուղղությամբ պետք է աշխատել առաջիկա տարիներին:

23. Ինչպիսի՞ն եք տեսնում ռազմավարական նշանակության ձեռնարկությունների (նկատի ունենալով՝ երկաթգիծ, օդանավակայան, էներգիկ համակարգ, ջրամատակարարում, հեռահաղորդակցություն և այլն) սեփականությունը և կառավարումը/գործարկումը:

24. Ինչպիսի՞ն պետք է լինի հանքարդյունաբերության նկատմամբ պետության մոտեցումը:

25. Ինչպիսի՞ քայլեր է պետք ձեռնարկել հասարակության ներսում և հանրային կառավարման գործընթացում ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը հաղթահարելու և համերաշխություն հաստատելու համար:

26. Ինչպիսի՞ն եք տեսնում քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում: