2021 թվականի հոկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության 4 համայնքներում՝ Ասկերանի շրջանի Խաչմաչ և Ծաղկաշատ, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի և Մարտունու շրջանի Հերհեր գյուղերում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) ընտրություններ։ Ընտրական գործընթացները հսկվել են «Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության միջոցով։

Դիտորդական առաքելության մասին

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպության, «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից: Արցախի Հանրապետությունում դիտորդական առաքելության գործընկերը «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունն է։

«Ականատես»-ի նպատակն է նպաստել Հայաստանում և Արցախում ազատ և արդար ընտրությունների անցկացմանը և դրանց նկատմամբ հանրային անկողմնակալ հսկողությանը, ընտրական գործընթացների օրինավորությանը:

«Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (դաշինքի), թեկնածուի օգտին կամ դեմ:

Դիտարկման մեթոդաբանություն

Երկարաժամկետ դիտորդությունը մեկնարկել է 2021 թ. սեպտեմբերի 26-ին՝ ներգրավելով երկարաժամկետ 4 դիտորդ՝ ԱՀ Ասկերանի շրջանի Խաչմաչ և Ծաղկաշատ, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի և Մարտունու շրջանի Հերհեր համայնքներում դիտարկելու և գնահատելու նախընտրական և քվեարկության օրվա գործընթացները:

Նախընտրական ժամանակահատվածում դիտարկման առարկա են հանդիսացել ընտրությունների վարչարարությունը, այդ թվում՝ Տարածքային ընտրական հանձնաժողովների գործունեությունը, գործողությունների համապատասխանությունը ժամանակացույցին, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, վարչական ռեսուրսի օգտագործումը, բողոքների քննությունը և այլն:

Տվյալների հավաքագրումը կատարվել է գրասենյակային հետազոտության, առցանց բաց տվյալների վերլուծության, անմիջական դիտարկումների, հանդիպումների, հարցազրույցների, ինչպես նաև՝ մամուլի լուսաբանումներին հետևելու միջոցով: Տեղերում դիտորդները հանդիպել են տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների, նախագահի թեկնածուների, տեղական ինքնակառավարման մարմինների, լրատվամիջոցների, ինչպես նաև ընտրական գործընթացի այլ մասնակիցների հետ: Տեղեկատվության ճշգրտությունն ու հավաստիությունն ապահովելու նպատակով ստացված տվյալները հնարավորինս ստուգվել են մի քանի անկախ աղբյուրների միջոցով:

Ընտրությունների մասին

ԱՀ կառավարության՝ 2021 թ․ օգոստոսի 12-ի թիվ 900-Ն որոշմամբ 2021 թ․ հոկտեմբերի 10-ին նշանակվել են՝

  • Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքում՝ համայնքի ղեկավարի ընտրություններ,
  • Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքում՝ համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ,
  • Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքում՝ համայնքի ղեկավարի ընտրություններ,
  • Մարտունու շրջանի Հերհեր համայնքում՝ համայնքի ղեկավարի ընտրություններ։

Նույն թվականի օգոստոսի 19-ին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է ԱՀ ՏԻՄ-երի ընտրությունների նախապատրաստման և անցկացման մասին N 5-Ա որոշումը[1]՝ հաստատելով նաև ընտրությունների նախապատրաստման և անկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը[2]։

Ըստ ԱՀ ոստիկանության տրամադրած տվյալների 2021 թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ ընտրողների թիվը կազմում էր․

  • 143 ընտրող Խաչմաչ համայնքում (Ասկերան),
  • 102 ընտրող Ծաղկաշատ համայնքում (Ասկերան),
  • 98 ընտրող Նոր Ղազանչի համայնքում (Մարտակերտ)
  • 399 ընտրող Հերհեր համայնքում (Մարտունի) [3]։

Ընտրություններին գրանցվել է համայնքի ղեկավարի թվով 6, իսկ ավագանու անդամի` թվով 5 թեկնածու (բոլորն ինքնաառաջադրմամբ), որոնցից․

  • Խաչմաչ համայնքում համայնքի ղեկավարի 2 թեկնածու (2-ն էլ «Ազատ հայրենիք» կուսակցությունից),
  • Ծաղկաշատ համայնքում համայնքի ղեկավարի 2 և համայնքի ավագանու 5 անկուսակցական թեկնածու,
  • Նոր Ղազանչիում համայնքի ղեկավարի 1 թեկնածու «Ազատ հայրենիք» կուսակցությունից,
  • Հերհեր համայնքում համայնքի ղեկավարի 1 անկուսակցական թեկնածու։

Հիմնական բացահայտումներ

Համաձայն դիտորդների տրամադրած տվյալների ընտրությունների նախընտրական հատվածն ընթացել է հանդարտ առանց էական խոչընդոտների և խախտումների։

Ընտրությունների վարչարարություն

Տարածքային ընտրական հանձնաժողովները հիմնականում հետևել են Ընտրական օրենսգրքով սահմանված ընթացակարգերին, ինչպես նաև՝ ընտրությունների նախապատրաստման և անցկացման միջոցառումների ժամանակացույցին։ Տարածքային ընտրական հանձնաժողովները նախընտրական շրջանում խախտումների վերաբերյալ դիմում-բողոքներ չեն ստացել։ Դիտորդների կողմից տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքներում որևէ խնդիրներ չեն արձանագրվել, իսկ հանձնաժողովների վերաբերմունքը դիտորդների նկատմամբ գնահատվել է համագործակցային։

Նախընտրական քարոզչություն

ԱՀ ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ նախընտրական քարոզչությունը մեկնարկում է 2021 թ․ սեպտեմբերի 16-ին և ընթանում է մինչև հոկտեմբերի 8-ը՝ ժամը 24։00-ն[1]։

Ըստ երկարաժամկետ դիտորդների՝ նախընտրական քարոզչությունը եղել է պասիվ՝ պայմանավորված հիմնականում՝

  • համայնքներում ընտրողների ցածր քանակով,
  • հետպատերազմյան շրջանում ընտրողների հուսալքվածությամբ և անվտանգային ռիսկերի ֆոնին՝ ընտրական գործընթացների նկատմամբ թերահավատությամբ,
  • համայնքապետարաններում համայնքի զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսների/բյուջեի և բավարար լիազորությունների բացակայությամբ և դրանով պայմանավորված, ընտրությունների արդյունքներից անկախ, ՏԻՄ-երի կառավարումից՝ նվազ ակնկալիքներով,
  • համայնքներից 2-ում՝ Հերհերում և Նոր Ղազանչիում մրցակցության բացակայությամբ, քանի որ այդտեղ ընտրություններին մասնակցել է համայնքի ղեկավարի մեկական թեկնածու։

Նախընտրական քարոզչանյութերի տարածման կանոններում խախտումներ չեն արձանագրվել։ Համայնքի ղեկավարները, ըստ սահմանված կարգի, համայնքի տարածքում առանձնացրել են անվճար տեղեր քարոզչական պաստառներ փակցնելու համար։ Այնուամենայնիվ, անգամ մեկից ավելի թեկնածու ունեցող համայնքներում քարոզչությունը եղել է պասիվ։ Թեկնածուների կողմից քարոզչական պաստառներ չեն տպագրվել։ Թեկնածուները դիտորդների հետ հանդիպումների ընթացքում նշել են, որ չունեն նախընտրական ծրագրեր, իսկ ոմանք ասել են, որ ծրագրերը ներկայացնում են բանավոր՝ համայնքների բնակիչների հետ հանդիպումների ընթացքում։

Նախընտրական քարոզչության ֆինանսավորման նպատակով թեկնածուներից ոչ մեկը նախընտրական հիմնադրամ չի ձևավորել, որը նաև ԱՀ ընտրական օրենսգրքով պարտադիր պահանջ չէ[2]։[5]

Քվեարկության օրը

«Ականատես» առաքելության դիտարկման արդյունքներով, Արցախի Հանրապետությունում 2021 թ. հոկտեմբերի 10-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն, ընդհանուր առմամբ, ընթացել են խաղաղ մթնոլորտում և քաղաքացիները հնարավորություն են ունեցել իրացնել իրենց ընտրական իրավունքը։

Քվեարկության օրվա գործընթացը դիտարկելու նպատակով ներգրավվել է 4 միջազգային («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ կողմից) և 4 տեղական («Քաղաքացիական հաբ» ՀԿ կողմից) դիտորդ, ինչպես նաև շրջիկ դիտորդական խումբ՝ տեղամասերի շրջակայքում և համայնքում ընդհանուր միջավայլրը դիտարկելու նպատակով։ Դիտորդներին իրավական և կազմակերպական աջակցություն տրամադրելու նպատակով ձևավորվել է համակարգող կենտրոն՝ բաղկացած իրավաբաններից և համակարգողներից։

Նախապատրաստման փուլ

Քվեարկության օրը՝ առավոտյան ժամը 07։00-08։00 ընկած ժամանակահատվածում տեղամասերի նախապատրաստումն անցել է խաղաղ պայմաններում։

Տեղամասերից որևէ մեկում չի խոչընդոտվել դիտորդների մուտքը։

Երկու համայնքում դիտարկվել են կահավորման հետ կապված խնդիրներ։ Մասնավորապես, Ծաղկաշատ համայնքի թիվ 2/2 ընտրատեղամասում քվեախցիկները տեղադրված են եղել համարյա սենյակի կենտրոնում, ինչի արդյունքում ծագել են ռիսկեր քվեարկության գաղտնիության ապահովման տեսանկյունից։ Դիտորդների կողմից բարձրաձայնվելուց հետո խնդիրը լուծվել է քվեախցիկները տեղափոխելու միջոցով։

Նոր Ղազանչի համայնքի թիվ 4/1 ընտրատեղամասում քվեարկության գաղտնիությունը չապահովող կահավորման հետ կապված խնդիրը նկատվել է ԿԸՀ կողմից դեռևս նախօրեին, սակայն տեղափոխությունները կատարվել են միայն քվեարկության օրը՝ առավոտյան։

Ծաղկաշատ համայնքի թիվ 2/2 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամները լիարժեք չեն տիրապետել ընտրական գործընթացներին։ Մասնավորապես, տեղամասային ընտրական հանձնաժողովը նախատեսում էր կազմակերպել պարտականությունների բաշխման միայն մեկ վիճակահանություն, սակայն դիտորդների հորդորից հետո իրականացվել է 6 վիճակահանություն՝ օրենքով սահմանված կարգով։

Հարկ է արձանագրել, որ ընտրական հանձնաժողովների աշխատանքային դերաբաշխման նպատակով վիճակահանության անցկացման կարգի խախտումը բազմակի անգամ դիտարկվել է նաև նախկինում և հիմնականում պայմանավորված է եղել Արցախի Հանրապետության ընտրական օրենսդրության բացերով և հակասություններով։

Խաչմաչ համայնքի թիվ 2/1 ընտրատեղամասում եղել է թեքահարթակ, սակայն դրան հասնելու ճանապարհին մոտ 10 մետր հատվածը քանդված էր, կատարվում էին շինարարական աշխատանքներ, իսկ ընտրատեղամասում գրանցամատյանների սեղանը, քվեախցիկները, և քվեատուփը գտնվում էին դահլիճի բեմում, որին հասնելու համար հարկավոր է իջնել և հետո բարձրանալ մի քանի աստիճան։

Բոլոր տեղամասերում քվեարկությունը մեկնարկել է ժամանակին՝ ժամը 08։00-ին։

Քվեարկության ընթացք

Քվեարկությունն ընթացել է խաղաղ մթնոլորտում, իսկ խախտումները հիմնականում կրել են տեխնիկական և ոչ միտումնավոր բնույթ։

Դիտորդների իրավունքները քվեարկության գործընթացը դիտարկելու ընթացքում չեն խոչընդոտվել։

Տեղամասերից 2-ում դիտարկվել է ընտրողների նախաձեռնությամբ բաց քվեարկության դեպքեր։ Ծաղկաշատ համայնքի թիվ 2/2 ընտրատեղամասում մեկ հոգի բաց է քվեարկել և հրապարակային հայտարարել է իր քվեարկության մասին։ Հերհեր համայնքի թիվ 5/1 ընտրատեղամասում քվեաթերթիկները հաճախ միայն մեկ անգամ են ծալվել ընտրողների կողմից, ինչի արդյունքում դրանք քվեատուփում ինքնաբերաբար բացվել են՝ բացահայտելով քվեարկության արդյունքները։

Տեղամասերում քվեարկությանը մասնակցող ընտրողները 2-4 դեպքերում օգտվել են ընտրողների օգնությունից, ինչը պատշաճ կարգով գրանցվել է գրանցամատյանում։

Երկու ընտրատեղամասում նկատվել է կողմնակի անձանց ներկայություն։ Նոր Ղազանչի համայնքի թիվ 4/1 ընտրատեղամասում նկատվել է մի քանի դեպք, երբ ընտրատեղամաս են մտել կողմնակի անձինք, այդ թվում՝ համայնքապետի թեկնածուն՝ քվեարկելուց հետո, սակայն նրանք բավականին արագ դուրս են հրավիրվել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից։ Հերհեր համայնքի թիվ 5/1 ընտրատեղամասում, որը գտնվում էր դպրոցի շենքում, օրվա ընթացքում բազմիցս ելումուտ են արել դպրոցի աշխատակիցները։

Հերհեր համայնքում ժամկետանց անձնագրերով երեք հոգու չեն թողել մասնակցել քվեարկության, չնայած որ դա չի արգելվում ԱՀ ընտրական օրենսգրքով։

Քվեարկությունը բոլոր տեղամասերում ավարտվել է և դրանք փակվել են ժամանակին՝ 20։00-ին։

Արդյունքների ամփոփում

Քվեարկության և տեղամասերի փակման գործընթացներն անցել են խաղաղ։ Քվեարկության ամփոփման ժամանակ առանձին դեպքեր չեն գրանցվել։

Ընդհանուր դիտարկում

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրում է, որ դիտորդական առաքելության կազմակերպումն ու ընթացքը եղել են սահուն, առանց խոչընդոտների։ Դիտորդներն արժանացել են բարյացակամ վերաբերմունքի ինչպես ընտրական հանձնաժողովների, այնպես էլ՝ այլ դերակատարների կողմից։

Ընտրական գործընթացները հիմնականում համապատասխանել են ԱՀ ընտրական օրենսգրքի նորմերին և միջազգային ստանդարտներին։ Դիտարկված մի քանի աննշան խախտումները հիմնականում պայմանավորված են եղել տեղամասային հանձնաժողովների անդամների՝ ընտրական օրենսդրությանը ոչ լիարժեք տիրապետմամբ։

[1] ԱՀ ընտրական օրենսգիրք, հոդված 19, մաս 1

[2] ԱՀ ընտրական օրենսգիրք, հոդված 26, մաս 1, հոդված 133, մաս 1

[1] http://cecnkr.am/wp-content/uploads/2014/12/5-%D4%B1-%D5%88%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B41.pdf

[2] http://cecnkr.am/wp-content/uploads/2021/08/jamanakacuyc.pdf

[3] http://cecnkr.am/wp-content/uploads/2021/08/123.pdf