Սպասվող հանրաքվե. ընտրացուցակներում առկա տվյալների ուսումնասիրություն
Ինչպես յուրաքանչյուր համապետական ընտրությունից, այնպես էլ առաջիկա սահմանադրական հանրաքվեից առաջ ընտրացուցակների և դրանցում առկա հնարավոր անճշտությունների թեման գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) 2012 թ. ի վեր երկու համապետական, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում գործարկել է էլեկտրոնային մոնիտորինգի ծրագիրը: Ներկայումս այն գործարկվում է հանրաքվեին ընդառաջ: Ս.թ. նոյեմբերի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ծրագրի մասին ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է այդ ծրագիրը, որին աջակցել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը: Նա ներկաների ուշադրությունը հրավիրել է դիտարկելու մի քանի հետաքրքիր տվյալներ ` կապված ընտրողների տարիքային խմբերի, անուն, ազգանուն, հայրանունների կրկնությունների, անհասցե ընտրողների և մեկ հասցեում մի քանի տասնյակ բնակիչներ ունեցող բնակարանների հետ:
Ծրագրի հիմնական նպատակն այն է, որ ընտրությունների մասնակիցները կարողանան և' նախքան քվեարկությունը, և' դրա ժամանակ ու քվեարկությունից հետո վերահսկել ու նվազեցնել հնարավոր խախտումների մասշտաբը: Սա ավելի շատ պետք է վերահսկողներին և այն ուժերին, որոնք շահագրգռված են մաքուր ընտրություններ անցկացնել: Շարքային քաղաքացիները նույնպես կարող են օգտվել ծրագրից:
Ասուլիսի ընթացքում բանախոսը գործարկելով ծրագիրը` ի ցույց է դրել մի քանի հետաքրքիր տվյալներ` կապված ինչպես ընտրողների տարիքային խմբերի, անուն, ազգանուն, հայրանունների կրկնությունների, անհասցե ընտրողների եւ մեկ հասցեում մի քանի տասնյակ բնակիչներ ունեցող բնակարանների հետ: Էլեկտրոնային մոնիտորինգի այդ ծրագրով ընդամենը փնտրման չափանիշները լրացնելով համապատասխան սյունակներում` ստացվեցին ուշագրավ տվյալներ. պարզվեց, որ Հայաստանում կա, օրինակ, 167 ընտրող, որոնք 100 տարեկանից բարձր տարիք ունեն: Կամ` Հայաստանում կա 10 հազար 663 հասցե, որտեղ բնակվում են 10-ից ավելի ընտրողներ, եւ կա 9 հասցե, որտեղ գրանցված է 100 ընտրող եւ 13 հացե` 100-ից ավել ընտրողներով: Իսկ օրինակ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում կա հասցե` 500 ընտրողով: Ծրագիրը նաեւ ներկայացնում է գրանցված բոլոր ընտրողների անունները: Ի դեպ, քիչ չեն նաեւ հասցե չունեցող ընտրողները, կա նաեւ, այսպիսի հասցեում հաշվառված ընտրող. Ջրվեժ, Մարմարա, Քարի արտադրամաս:
Հանրաքվեի օրը առցանց ռեժիմով ծրագրում կներկայացվեն բոլոր թարմացումները` ինչպես հանրաքվեի մասնակիցների, այնպես էլ անճշտությունների վերաբերյալ:
Տես Մեդիա կենտրոնի մամուլի հաղորդագրությունը: Տես նաև ԳԱԼԱ հեռուստաընկերության, Առավոտի, Չորրորդ իշխանության լուսաբանումները: