«Հրապարակում» հեռուստածրագիրն անդրադարձել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ): ԱՃԹՆ-ն բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: ԱՃԹՆ-ի ստանդարտն ընդգրկում է բնական պաշարների արդյունահանումից մինչև դրա` երկրի քաղաքացիների վրա ունեցած ազդեցության հետ կապված բոլոր հիմնական խնդիրները: Հայաստանում ԱՃԹՆ ներդրման արդյունավետության և մարտահրավերների մասին իրենց տեսակետն են ներկայացնում Հայաստանի ԱՃԹՆ բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն, «Հանքարդյունաբերություն հանուն կայուն զարգացման» ծրագրի ղեկավար Սոնա Այվազյանն ու «Էկոլոգիական իրավունք» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը:

Ըստ Սոնա Այվազյանի` Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակում քաղաքացիական հասարակությունը հնարավորություն է ստանում հասանելի դարձնելու իր կողմից ներկայացվող հանրույթի ձայնը և կոնկրետ ազդեցություն ունենալու որոշումների վրա: Հանքերը, ընդերքը ժողովրդի սեփականությունն են, և հանքարդյունաբերությունից պետության համար ձեռք բերվող եկամուտները, օգուտները պետք է ստանան ոչ թե միայն մի խումբ մարդիկ, այլ պետք է համաչափ բաշխվեն պետության քաղաքացիների միջև:

Այս նախաձեռնությունը նաև ինչ որ չափով նախադեպային է իր ֆորմատով: ԱՃԹՆ-ն հնարավորություն է ստեղծում կառավարության, բիզնես հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին նստել և համատեղ խնդիրներ լուծել, ինչը օրինակելի ֆորմատ է այլ ոլորտում ևս հարթակ ստեղծելու, որպեսզի քաղաքացիական հասարակությունը, մասնակից կառույցների հետ մի սեղանի շուրջ նստելով, կարողանա ուղղակիորեն մասնակցել քաղաքականության մշակման գործընթացներին:

ԹԻՀԿ-ը բավականին լրջորեն խթանում էր այն գաղափարը, որպեսզի ՀՀ կառավարությունը հնարավորինս շուտ միանա այս նախաձեռնությանը և ողջունում է Հայաստանի` ԱՃԹՆ-ին միացումը: ԱՃԹՆ-ն կարող է վեր հանել բավականին խնդիրներ, հանրության համար ավելի թափանցիկ և ավելի հասանելի դարձնել մեծ ինֆորմացիա, ինչը բավականին կարևոր է սեփականատերերի առումով: Այդ պրակտիկան պետք է տարածվի նաև այլ ոլորտների ընկերությունների սեփականատերերի վրա` կարծում է Սոնա Այվազյանը: