Առաջարկությունների փաթեթը ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Կառավարության քննարկմանը

«Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի փոքր դրամաշնորհի շրջանակում ս.թ․ հոկտեմբերի 5-ին ենթադրամաշնորհառու «Արազա» ԲՀԿ-ն ներկայացրել է «Զբաղվածության կարգավորման 2015 և 2016թթ. պետական ծրագրերի մասնակցային մոնիտորինգ» զեկույցը: Մոնիտորինգի նպատակն էր ուսումնասիրել աշխատանք փնտրողների, զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկված անձանց, գործատուների, մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունների և Զբաղվածության տարածքային կենտրոնների աշխատակազմի գնահատականը 2015-2016թթ. Զբաղվածության կարգավորման ամենամյա 11 ծրագրերից 5-ի շրջանակում մատուցված ծառայությունների որակի և արդյունավետության վերաբերյալ:

Զեկույցի հիման վրա մշակվել է առաջարկությունների փաթեթ, որը ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Կառավարության քննարկմանը՝ Զբաղվածության կարգավորման 2018թ. ծրագրի մշակման ընթացքում հաշվի առնելու նպատակով:

Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ավելի քան 30 ներկայացուցիչ։ Զեկույցի ներկայացումից հետո տեղի է ունեցել բուռն քննարկում, որի ընթացքում հնչած առաջարկները կներառվեն զեկույցի վերջնական տարբերակում։

Առաջարկություններով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, ինչպես նաև «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը, «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, «Հավասար հնարավորությունների աջակցման հիմնադրամից» Ռաֆայել Հովհաննիսյանը:

Զեկույցը հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: