Ինչպե՞ս բարելավել հանրային տրանսպորտի աշխատանքը Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
«Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի փոքր դրամաշնորհի շրջանակում ս.թ. հոկտեմբերի 6-ին Սիսիանում տեղի է ունեցել «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի իրականացրած «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում Վայոց ձորի և Սյունիքի մարզերում» ծրագրի ամփոփիչ զեկույցի ներկայացումը։ Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում հանրային տրանսպորտի աշխատանքի կազմակերպման համապատասխանությունը դրա կարգավորման հիմքում ընկած օրենսդրական դաշտին, ինչպես նաև տրանսպորտի ոլորտում կարիքները թիրախային համայնքների բնակիչների շրջանում։
Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում իրականացրած մոնիտորինգի արդյունքում բացահայտված թերացումներն առկա են ինչպես ուսումնասիրված հանրային տրանսպորտի երթուղիների աշխատանքում՝ իրավական ակտերի խախտումներ և մատուցվող ծառայությունների անհամապատասխանություն բնակիչների կարիքներին, այնպես էլ իրավական ակտերի ձևակերպումներում։
Վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնց շտկման նպատակով ձևակերպվել են առաջարկներ, ինչպես նաև տրվել են հայեցակարգային առաջարկներ՝ ուղղված տրանսպորտի աշխատանքի բարելավմանը։
Զեկույցը հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: