Ներկայացվել է «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության ոլորտում» զեկույցը
Առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ) երեխաները խոցելի խումբ են, և պետությունը կրում է պարտավորություն ապահովելու նրանց խնամքն ու իրավունքների և շահերի պաշտպանությունը: Չնայած ՀՀ կողմից ԱԾԽՄ երեխայի պաշտպանությանն ու խնամքին վերաբերող քաղաքականության, օրենսդրության և պրակտիկայի շարունակական բարեփոխումներին՝ առկա են կոռուպցիոն ռիսկեր ստեղծող մի շարք գործոններ և խնդիրները, որոնք վեր են հանվել «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության ոլորտում» ուսումնասիրությունում: Ուսումնասիրությունը համատեղ իրականացրել են «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։
Ս.թ. մարտի 15-ին տեղի է ունեցել «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության ոլորտում» զեկույցի ներկայացումը: Միջոցառմանը մասնակցել են ոլորտի փորձագետներ, շահագրգիռ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ և ՀԿ ավելի քան 60 ներկայացուցիչ: Բացման խոսքով հանդես են եկել ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը: Ուսումնասիրությունը ներկայացրել են «Սոցիալական արդարություն» ՀԿ ծրագրի համակարգող Անուշ Դանոյանը և իրավաբան Ռոման Ահարոնյանը:
Հետազոտության նպատակն է՝ վեր հանել և գնահատել ԱԾԽՄ երեխաների պաշտպանության, մասնավորապես՝ նրանց հայտնաբերման, հաշվառման, կարգավիճակի ճանաչման և խնամքի ձևի որոշման գործընթացներում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և դրանք ձևավորող համակարգային խնդիրները: Վերհանված խնդիրները լուծելու համար առաջարկվել է կատարել փոփոխություններ գործող իրավական ակտերում կամ ընդունել նորերը, իսկ գործող և բավարար օրենսդրական կարգավորումների դեպքում, ուժեղացնել դրանց իրականացման նկատմամբ վերահսկողությունը:
Միջոցառումն առցանց հեռարձակվել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից
Միջոցառման ֆոտո պատմությունը
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետք է պաշտպանված լինեն կոռուպցիոն գործարքներից» քաղաքականության համառոտագիրը
Տես միջոցառման լուսաբանումը
aravot.am Կոռուպցիոն ռիսկերն՝ «առանց ծնողի խնամքի մնացած երեխա» ճանաչելու գործընթացում. (Տեսանյութ)