Ս.թ. մարտի 30-31-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում անց է կացրել «Հանրային քաղաքականության մոնիտորինգի մասնակցային մեթոդներ» թեմայով դասընթաց, որին մասնակցել են հասարակական կազմակերպությունների 12 ներկայացուցիչ: Դասընթացը վարել է կառավարման, ծրագրի ղեկավարման և շահերի պաշտպանության ոլորտների փորձագետ Արշավիր Ղուկասյանը:

Դասընթացի ընթացքում տրվել է մասնակցության սահմանումը, բացատրվել է դրա կարևորությունը, ներկայացվել են մասնակցության սկզբունքները: Անդրադարձ է կատարվել կոռուպցիային` ներկայացվելով դրա դրսևորումներն ու հաղթահարման եղանակները: Ներկայացվել են նաև կառուցողական ներգրավվածությունը, կատարողականի մասնակցային մոնիտորինգը, ինչպես նաև քաղաքացիական մասնակցության խոչընդոտներն ու ռիսկերը:

Դասընթացի ժամանակ արծարծվել են նաև մի շարք էական հիմնահարցեր, ինչպիսիք են առանցքային խումբը, մոնիտորինգային խումբը, մոնիտորինգի մեթոդներն ու գործիքները, ուշադրություն է հրավիրվել հետմոնիտորինգային գործողությունների վրա, ներկայացվել են տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը, սոցիալական աուդիտն ու հաշվետվողականությունը, բերվել են հաջողության պատմությունների օրինակներ:

Դասընթացին մասնակցած ՀԿ-ների ներկայացուցիչները հնարավորություն կունենան ստացված գիտելիքների արդյունքում մասնակցել «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհների մրցույթին և հաղթելու դեպքում` իրագործել իրենց գաղափարները։

Տես նաև ֆոտո պատմությունը