Ս.թ. հունիսի 11-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտապանությանն ուղղված ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող երեք նոր ծրագրերի պաշտոնական մեկնարկի միջոցառումը:

Ծրագրերն իրականացվում են երեք կոնսորցիումների կողմից՝ համախմբելով 14 քաղաքացիական հասարակության կառույցների, գործատուների և արհեստակցական միությունների, ինչպես նաև մեդիա կառույցների՝ Երևանից և մարզերից:

Իրականացվող ծրագրերն են.

«Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիր, որն իրականացվում է Տեղեկատվական և Հաղորդակցության Տեխնոլոգիաների Գործատուների Միության, Արմավիր Զարգացման Կենտրոնի և Կիրակի Զարգացման Հիմնադրամի կողմից: Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել պետական կառավարման և ՔՀԿ-ների կարողությունները` ամրապնդելու և ընդլայնելու աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և Կառավարության ներսում կառուցելու ռազմավարական ինստիտուցիոնալ կարողություններ` սոցիալական պաշտպանության և աշխատանքային բարեփոխումների ուղղությամբ:

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիր, որն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրում ներգրավված շահագրգիռ կողմերը միավորում են իրենց ուժերը համակարգելու «Քաղաքացու ձայն» մասնակցային բաց հարթակը, որի նպատակն է քաղաքականությունների բարելավման միջոցով հասնելու աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանը:

«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիր, որն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում`աշխատողների, արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված շահերի պաշտպանության միջոցով:

Ծրագրերը իրականցրել են աշխատանքներ դեռևս 2021 թվականի սկզբից և նպատակ ունեն նպաստելու Հայաստանում աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանը՝ առաջարկելով նորարար, ՏՀՏ լուծումներ ՀՀ-ում աշխատանքային իրավունքների վերահսկողության ոլորտում, ծավալելու աշխատանքային իրավունքների հանրային իրազեկում հատկապես երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում, ինչպես նաև նախաձեռնելով շարունակական մասնակցային երկխոսություն շահագրգիռ կողմերի հետ: