Ի՞նչ է ձայների զուգահեռ հաշվարկը (ՁԶՀ):

  • ՁԶՀ-ն ընտրությունների դիտարկման ժամանակակից և փորձված մեթոդ է, որը թույլ է տալիս ընտրանքի վրա հիմնված դիտորդության միջոցով՝ համակարգված կերպով և երկրի տարածքով մեկ գնահատել ընտրության օրվա գործընթացների որակը՝ ներառյալ ընտրատեղամասերի բացումը, քվեարկության ընթացքը և ամփոփումը, ինչպես նաև՝ քվեարկության արդյունքները՝ ։
  • ՁԶՀ-ն ապահովում է ներկայացուցչական և փաստարկված տեղեկատվություն քվեարկության օրվա ընդհանուր ընթացքի վերաբերյալ և կարող է վերահաստատել քվեարկության արդյունքները, ինչը կնպաստի ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահության ամրապնդմանը կամ կօգնի հայտնաբերել ձայների հաշվարկի հնարավոր կեղծիքներ

Ինչո՞վ է ՁԶՀ-ն տարբերվում քվեարկության օրվա ավանդական դիտորդությունից։

  • ՁԶՀ-ն հիմք է ընդունում համապետական ներկայացուցչական ընտրանքի միջոցով վերցված ընտրատեղամասերում տեղակայվող՝ լավ պատրաստված և անկողմնակալ դիտորդներից ստացվող տվյալները, օգտագործելով արագ հաղորդակցության տեխնոլոգիաների հնարավորությունները, դիտարկման տվյալները արագ և լիարժեք կերպով փոխանցում է տվյալների կենտրոն։
  • Դա հնարավորություն է տալիս դիտորդներին հանրությանը տրամադրել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն ամբողջ երկրում քվեարկության վերաբերյալ և ձևավորել խորհրդարանական ընտրությունների արդյունքների ճշգրիտ պատկեր՝ փոքր սխալի հավանականությամբ։

Ինչու՞ է Ականատեսը ՁԶՀ իրականացնում։

  • Անկողմնակալ քաղաքացի դիտորդների կողմից պատշաճ կերպով կատարված ՁԶՀ-ն հնարավորություն է տալիս վերացնել հնարավոր անորոշությունը՝ ինքնուրույն ստուգելով և հաստատելով քվեարկության պաշտոնական արդյունքները։
  • ՁԶՀ-ն կարող է բարձրացնել հանրության վստահությունը լավ կազմակերպված ընտրությունների նկատմամբ և նվազեցնել քաղաքական բռնության հնարավորությունները։
  • ՁԶՀ միջոցով հայտնաբերված թերությունները օբյեկտիվ հիմք են ստեղծում գործընթացը խաղաղ կերպով հանգուցալուծելու և բարելավելու նպատակով։
  • ՁԶՀ-ն ապահովում է քվեարկության արդյունքների գնահատման համար վիճակագրորեն հուսալի և հավաստի տվյալներ։ Դիտորդների տեղակայումը և նրանց զեկույցները որևէ կերպ կողմնակալ չեն։

Ինչպիսի՞ փորձ ունի Ականատեսը ՁԶՀ իրականացնելու առումով ։

Ականատեսն իրականացնել է երկու ընտրությունների՝ 2018 թ․ սեպտեմբերին Երևան քաղաքի ավագանու և 2018 թ. դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների՝ ընտրանքի վրա հիմնած դիտորդություն, ինչպես նաև բուն ՁԶՀ մեթոդաբանության փորձարկում:

Ինչո՞վ է ՁԶՀ-ն տարբերվում հանրային կարծիքների ուսումնասիրությունից կամ Exit Poll-ից։

  • ՁԶՀ-ն հաշվարկում է փաստացի քվեների քանակը ՝ հիմք ընդունելով քվեարկության և հաշվարկի գործընթացների վերաբերյալ տվյալները ։
  • Հավաքագրում է հստակ և կիրառելի տեղեկատվություն՝ հետագայում գործընթացը բարելավելու նպատակով։

Կարծիքի հարցումները կամ Exit Poll-երը

  • հաշվում են, թե ինչպես են մարդիկ քվեարկել՝ ինչպես որ իրենք են ներկայացնում
  • այս դեպքում հարցվողները կարող են հրաժարվել պատասխանելուց և/կամ մտածել, որ իրենք կարող են և ստել։

-----

«Ականատես» դիտորդական առաքելության մասին

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է 2018 թ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ների, «Ռեստարտ» և «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամների կողմից:

Առաքելության նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը, դրանց նկատմամբ հանրային վերահսկողության հաստատմանը, ինչպես նաև բարձրացնել ընտրական գործընթացների հանդեպ հանրային վստահության մակարդակը։

«Ականատեսը» գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող որևէ կուսակցության/ կուսակցությունների դաշինքի օգտին կամ դեմ: