Կարևորելով դպրոցականների շրջանում քաղաքացիական գիտակցության և արժեքների ձևավորման անհրաժեշտությունը և այդ գործում հակակոռուպցիոն կրթության դերը, «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացումը և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ նրանց իրազեկվածության բարձրացումը՝ ԹԻՀԿ-ն նախաձեռնում է Արմավիրի և Արարատի մարզերի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր։ Ծրագիրը ներառում է․

  1. ֆոկուս-խմբային քննարկումների շարք (Երևանի, Արմավիրի և Արարատի մարզերի ուսուցիչների համար),
  2. վերապատրատման ծրագիր (Արմավիրի և Արարատի մարզերի ուսուցիչների համար),
  3. ուսումնաօժանդակ ձեռնարկի մշակում և տրամադրում վերապատրաստված ուսուցիչներին։

Վերապատրաստման ծրագրի նպատակն է ուսուցիչներին «կոռուպցիա» երևույթի, տեսակների, դրա դեմ պայքարի միջոցների և դասավանդման մեթոդների մասին գիտելիքների հաղորդումը, համապատասխան կարողությունների ձևավորումը կոռուպցիայի և նրա դեմ պայքարին առնչվող թեմաների դասավանդման համար։

Ծրագրի առաջին փուլը՝ ֆոկուս-խմբային քննարկումները, տեղի կունենան ապրիլի 24-ից 28-ը և կտևեն առավելագույնը 2 ժամ։ Քննարկումների անցկացման օրվա, ժամի, վայրի մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև ապրիլի 22-ը, էլեկտրոնային փոստի միջոցով։

Ֆոկուս-խմբային քննարկման թեմաները ներառում են՝

  • Կոռուպցիային և բարեվարքությանն առնչվող թեմաների ինտեգրման հնարավորությունը «Հասարակագիտություն» առարկայի առանձնացված թեմաներում,
  • Կոռուպցիային և բարեվարքությանն առնչվող թեմաների դասավանդման խնդիրները դպրոցներում,
  • Դիդակտիկ, մեթոդական նյութերի կիրառելիությունը դպրոցներում կոռուպցիայի և բարեվարքության թեմաների շրջանակներում և այլն։

Ֆոկուս-խմբային քննարկման ընթացքում հավաքագրված տվյալները կօգտագործվեն վերապատրաստման մոդուլի և ուսումնաօժանդակ ձեռնարկի մշակման համար։

Ծրագրի երկրորդ փուլը նախատեսվում է իրականացնել մայիս-հունիս ամիսներին՝ արտագնա վերապատրաստման ձևաչափով։ Վերապատրաստումը նախատեսված է ֆոկուս-խմբային քննարկմանը մասնակցած և թեմայով բարձր հետաքրքրվածություն ցուցաբերած ուսուցիչների համար։

Ծրագրին կարող են մասնակցել «Հասարակագիտություն» առարկայի այն ուսուցիչները, ովքեր ունեն առնվազն մեկ տարվա «Հասարակագիտություն» առարկայի դասավանդման փորձ։ Ծրագրին մասնակցության համար խնդրում ենք մինչև ապրիլի 18-ը ներառյալ լրացնել գրանցման հայտը:

Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ։