ԹԻՀԿ-ի հատուկ դասընթացը պատրաստում է լրագրողներին պայքարել կոռուպցիայի դեմ
Հունիսի 10-11-ը Երևանում անցկացվեց «Լրագրողնե՛ր, ընդդեմ կոռուպցիայի» վերապատրաստման դասընթացը։ Կարճ ժամանակահատվածում արդեն երկրորդ անգամ ԹԻՀԿ-ի կողմից կազմակերպվող միջացառումը վկայում է լրագրողական համայնքում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված նոր գիտելիքի և գործիքակազմի մեծ պահանջարկի մասին: Նման ոգևորությունն իսկապես հուսադրող է։
Դասընթացին մասնակցում էին ինչպես ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ, այնպես էլ փորձառու լրագրողներ, այսպիսով խթանելով դինամիկ ուսումնական միջավայր։
Լրագրողների համար հանգստյան օրերն անցան հագեցած, քանի որ երկօրյա հարուստ օրակարգով դասընթացը նպատակ ուներ փոխանցել համապարփակ գիտելիքներ կոռուպցիայի և դրա ազդեցության վերաբերյալ, ծանոթացնել կոռուպցիայի պատճառներին, ռիսկերին և հետևանքներին, հանրային պաշտոնյաների բարեվարքությանը, գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրմանը, պետական գնումների համակարգին, կուսակցությունների ֆինանսավորման և վարչական ռեսուրսի չարաշահման թեմաներին։
Դասընթացի շրջանակներում առանձահատուկ շեշտադրություն տրվեց հետաքննական լրագրությանը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև սովորելու ոլորտի առաջատար հետաքննող լրագրողներից և ծանոթանալ կոռուպցիայի բացահայտման նրանց փորձին:
ԹԻՀԿ-ում կրթական դասընթացները շարունակական բնույթ են կրում և միտված են զարգացնելու նոր կարողություններ և հմտություններ կոռուպցիան լուսաբանելիս։
Հակակոռուպցիոն կրթությունը մեր առաքելությունն է։