Մեկնարկում է «Որտե՞ղ է մեր ապաստանը» տեղեկատվական արշավը ԹԻՀԿ-ի և Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի համագործակցությամբ՝ Վարդենիս համայնքի երիտասարդների ակտիվ ներգրավմամբ։

Վարդենիս համայնքի օրհասական խնդիրներից է ապաստարանների և թաքստոցների առկայությունը: Սահմանամերձ Վարդենիսը բախվել է անվտանգային խնդիրների, հատկապես 2020 թ․ արցախյան, ինչպես նաև հետագայում՝ 2021-2023 թթ․ հայ-ադրբեջանական շարունակվող սահմանային բախումների ժամանակ։

Ի պատասխան համայնքի առջև ծառացած վտանգներին՝ վարդենիսցի երիտասարդները ստանձնել են նախաձեռնություն ձգտելով ակտիվորեն ներգրավվել տեղական իշխանությունների աշխատանքներին և որոշումների ընդունման գործընթացներին հանուն համայնքի բնակչության անվտանգության ապահովման։

Տեղեկացված լինելու, կազմակերպված լինելու և արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու պատրաստ լինելու ցանկությամբ առաջնորդված երիտասարդները ձգտում են տարածել գիտելիքներ, բարձրացնել պատրաստակամությունը և սերտորեն համագործակցել համապատասխան մարմինների հետ:

Առաջնորդելով այս արշավը՝ Վարդենիսի երիտասարդությունը աշխատում է ապահովել իրենց համայնքին անհրաժեշտ տեղեկատվություն, որն ուղղված է համայնքի բնակիչների անվտանգության ապահովմանը: Երիտասարդները հույս ունեն ստեղծել դիմացկուն համայնք, որը կարող է արդյունավետորեն արձագանքել հնարավոր ցանկացած ճգնաժամի։