Հրապարակվել է «ՔՀԿ չափիչ 2022» տարածաշրջանային զեկույցը
Հրապարակվել է «ՔՀԿ չափիչ 2022» տարածաշրջանային զեկույցը, որն ամփոփում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) միջավայրի վերաբերյալ 2022 թվականի հետազոտության արդյունքները։
Զեկույցն անդրադառնում է 2022 թվականի ընթացքում ՔՀԿ միջավայրի իրավական կարգավորումներին և գործնական դաշտի զարգացումներին: Հայաստանը Արևելյան գործընկերության մյուս երկրների շարքում առաջատար դիրքերում է գտնվում՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ միասին, իսկ Ադրբեջանն ու Բելառուսը առավել ցածր դիրքերում են։
Նախորդ տարվա համեմատ ՔՀԿ միջավայրի ընդհանուր միավորը Հայաստանում, ինչպես նաև Վրաստանում նույնն է մնացել (4,8 միավոր 1-7 սանդղակում, որտեղ 1-ը ամենացածր, 7-ը՝ ամենաբարձր գնահատականն է), մինչդեռ Ուկրաինայում, Ադրբեջանում և Բելառուսում վատթարացում է գրանցվել՝ համապատասխանաբար 4,7, 4,1 և 2,2 ընդհանուր միջին գնահատականներով։ Մոլդովայի ՔՀԿ միջավայրի միջին միավորը փոքր-ինչ բարելավվել է՝ հավասարվելով Հայաստանի և Վրաստանի գնահատականներին։
Հայաստանը տարածաշրջանում առաջատար է հավաքների ազատության (5,3) և մասնավոր կյանքի իրավունքի (4,9) ոլորտներում, իսկ միավորումների ազատության (5,7) և ֆինանսավորման մատչելիության (5,4) ոլորտներում զիջում է միայն Վրաստանին։ Մյուս կողմից, մի քանի ոլորտներում Հայաստանը առավել թույլ դիրքերում է. այսպես, պետության հետ ՔՀԿ-ների համագործակցության (4,0) և պետական աջակցության (4,1) ոլորտներում Հայաստանը վերջից երկրորդն է և առաջ է անցնում միայն Բելառուսից։ Համեմատաբար ցածր են նաև պետության կողմից պաշտպանության (4,6) և թվային իրավունքների (4,5) ոլորտների գնահատականները, որտեղ Հայաստանը մյուս երկրների համեմատ միջին դիրքերում է գտնվում։ Ընդհանուր առմամբ, պետական աջակցության ոլորտը տարածաշրջանում ամենացածր գնահատականն ունի՝ 3,9, իսկ առաջատարը միավորումների ազատության ոլորտն է՝ 4,9 ընդհանուր միջինով։
«ՔՀԿ չափիչ» 2022 թվականի տարածաշրջանային զեկույցին կարող եք ծանոթանալ ԹԻՀԿ կայքում և ծրագրի https://csometer.info կայքում։ Ծրագրի կայքի զեկույցների բաժնում կարող եք գտնել նաև տարածաշրջանի երկրների այս և նախորդ տարիների զեկույցները։
«ՔՀԿ չափիչի» ամենամյա հետազոտություններն իրականացվում են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՔՀԿ չափիչ՝ նպաստավոր միջավայրի և ՔՀԿ-ների իրավազորման կողմնացույց» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» (ECNL) հիմնադրամի և իր գործընկերների՝ Հայաստանում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», Ադրբեջանում «Էմ-Ջի Քընսալթինգ» ՍՊԸ-ի, Վրաստանում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի», Մոլդովայում «Պրոմո-Լեքս» ընկերակցության, իսկ Ուկրաինայում՝ «Անկախ քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի» (UCIPR) կողմից: