Ս․թ դեկտեմբերի 13-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» (ԹԻՀԿ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի՝ «ՔՀԿ չափիչ Հայաստան-2023» ուսումնասիրության արդյունքների հանրային ներկայացումը։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, պետական մարմինների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ։

Միջոցառումը կազմակերպվել էր «ՔՀԿ չափիչ՝ նպաստավոր միջավայրի և ՔՀԿ-ների իրավազորման կողմնացույց» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» (ECNL) հիմնադրամի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Արևելյան գործընկերության տարածաշրջանի մյուս երկրների գործընկերների կողմից։

«ՔՀԿ չափիչ» հետազոտությունն իրականացվում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրներում տարեկան հիմքով՝ սկսած 2019 թվականից, հիմնվելով յուրահատուկ և մասնակցային մոտեցմամբ մշակված «ՔՀԿ չափիչ» գործիքի վրա, որը չափում է առկա իրավական կարգավորումները և պրակտիկ դրսևորումները քաղաքացիական հասարակության վրա ազդող 11 առանցքային ոլորտներում` սկսած միավորումների և հավաքների ազատությունից ու որոշումների կայացմանը մասնակցությունից մինչև ֆինանսավորման մատչելիությունն ու մասնավոր կյանքի իրավունքը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ, ծրագրերի համակարգող Տաթևիկ Դավթյանը և «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» ներկայացուցիչ, ծրագրերի ավագ խորհրդատու Լյուբեն Պանովը։ Տաթևիկ Դավթյանը ընդգծեց «ՔՀԿ չափիչ» զեկույցի օգտակարությունը` որպես կարևոր գործիք, որը հնարավորություն է տալիս տարեցտարի հետևել ՔՀԿ-ների նպաստավոր միջավայրում տեղ գտած բարելավումներին և արձանագրել առկա խնդիրները և բացերը։ Լյուբեն Պանովը, ներկայացնելով 2023 թվականի միտումները ՔՀԿ միջավայրում, նշեց Հայաստանում ընդունված «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընդունումը՝ շեշտելով, որ ՔՀԿ-ների ջանքերի շնորհիվ հաջողվեց հասնել սկզբնական խնդրահարույց նախագծի համեմատ շատ ավելի դրական և նպաստավոր իրավակարգավորումներին։

ԹԻՀԿ իրավաբան Անուշ Հակոբյանը և հետազոտող Տաթևիկ Մարգարյանը ներկայացրեցին 2023 թվականի «ՔՀԿ չափիչ» հետազոտության հիմնական բացահայտումները։ Այս տարվա ՔՀԿ միջավայրի ընդհանուր գնահատականը չի փոխվել, մնալով 4,8 միավոր առավելագույնը 7 միավորից։ Միևնույն ժամանակ, դրական և բացասական մի շարք զարգացումներ են արձանագրվել առանձին ոլորտներում։ Մասնավորապես՝ բարելավվել է որոշումների ընդունմանը մասնակցության իրավունքի և պետական աջակցության ոլորտների օրենսդրության գնահատականը, իսկ պետության կողմից պաշտպանության պարտականության, խոսքի ազատության և ֆինանսավորման մատչելիության ոլորտներում վատթարացում է արձանագրվել։

Միավորումների ազատության և պետության կողմից պաշտպանության ոլորտներում հիմնական զարգացումը կապված է 2023 թվականին ուժի մտած՝ ՔՀԿ-ների կողմից իրական շահառուների հայտարարագրման պահանջի հետ, որը մի շարք խնդիրներ է առաջացրել ՔՀԿ-ների շրջանում։ Այս խնդիրների, ինչպես նաև զգայուն ոլորտներում աշխատող ՔՀԿ-ների արդյունավետ պաշտպանության պակասի պատճառով պետության կողմից պաշտպանության ոլորտում գնահատականի վատթարացում է արձանագրվել

Որպես ֆինանսավորման մատչելիության հետ կապված հիմնական խնդիր՝ զեկույցում առանձնացվել է դրամաշնորհային ծրագրերի՝ որպես ծառայությունների մատուցում մեկնաբանելը և համապատասխանաբար ԱԱՀ-ով հարկման ենթակա լինելը այն դեպքերում, երբ դրամաշնորհ ստացող ՔՀԿ-ի տարեկան շրջանառությունը անցնում է սահմանված շեմը: Սա կարող է բերել գործնականում ֆինանսավորման մատչելիության սահմանափակման, ուստի ոլորտի ընդհանուր գնահատականը նվազել է:

Որոշումների կայացմանը մասնակցության իրավունքի ոլորտում արձանագրվել է իրավական դաշտի բարելավում՝ շնորհիվ կառավարության կողմից ընդունված փաստաթղթերի, որոնք լրացուցիչ միջոցառումներ են նախատեսում հանրային մասնակցության բարելավման ուղղությամբ: Սակայն վատթարացում է արձանագրվել տեղեկատվության հասանելիության առումով, որը պայմանավորված է գործնականում տեղեկություններ ստանալու մարտահրավերների և «սահմանափակ տարածման տեղեկության» նոր հասկացության ներդրմամբ։

Խոսքի ազատության ոլորտում բազմաթիվ են եղել լրատվամիջոցների և լրագրողների դեմ զրպարտության և վիրավորանքի հիմքով դատական հայցերը՝ պահանջվող փոխհատուցման զգալի չափերով: Բացի այդ, մի շարք քրեական գործեր են հարուցվել անհատների դեմ՝ սոցիալական ցանցերում կատարած հրապարակումների հիման վրա, ընդ որում՝ ՔՀԿ-ները համարում են, որ այս գործերը հարուցելիս իրավապահների կողմից ընտրողական մոտեցում է դրսևորվում։ Արդյունքում, այս ոլորտի գործնական դաշտի գնահատականը նվազել է։

Բարելավում է արձանագրվել պետական աջակցության ոլորտի օրենսդրական դաշտում՝ պայմանավորված «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, որը կարգավորումներ է նախատեսել կամավորության սահմանման և կամավորների իրավունքների վերաբերյալ: Սակայն պետական ֆինանսավորման և ՔՀԿ-ների ու դոնորների համար հարկային խթանների պակասի հետ կապված խնդիրները այս ոլորտում մնում են նույնը, ուստի ոլորտի ընդհանուր գնահատականը չի փոխվել։

«ՔՀԿ չափիչ» զեկույցի մյուս ոլորտներում գնահատականների փոփոխություն չի արձանագրվել։ Խաղաղ հավաքների ազատության ոլորտում արձանագրվել են նույն խնդիրները, ինչ նախորդ տարի՝ շարունակվել են հավաքների մասնակիցների իրավունքների ոտնահարման դեպքերը, իսկ նախորդ միջադեպերի համար ոստիկանները պատշաճ պատասխանատվության չեն ենթարկվել: Մասնավոր կյանքի իրավունքի ոլորտի գործնական դաշտում բազմաթիվ խնդիրներ կան, ներառյալ՝ անձնական տվյալների կառավարման և անվտանգության հետ կապված ռիսկերը և հսկողության գործողությունների օրինականության նկատմամբ վերահսկողության բացակայությունը: Հսկողության և անօրինական լրտեսող ծրագրերի օգտագործման խնդիրը շեշտադրվեց նաև թվային իրավունքի ոլորտի բացահայտումներում, սակայն այս ոլորտում նաև դրական զարգացումներ են եղել՝ պայմանավորված մեդիա գրագիտության և թվայնացման ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվող քայլերով։

Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հարկման առանձնահատկությունների և խնդիրների քննարկմանը։ Մասնակիցները իրենց մտահոգությունները հայտնեցին՝ կապված դրամաշնորհների՝ որպես ծառայությունների մատուցում մեկնաբանման ու համապատասխան հարկման խնդիրների հետ, ներկայացրեցին այն գործնական խնդիրները, որոնց բախվում են իրենց աշխատանքի ընթացքում՝ կապված ԱԱՀ-ով հարկման, բարեգործական կարգավիճակ ստանալու, աուդիտի պահանջի հետ։

«ՔՀԿ չափիչ» Հայաստան 2023 զեկույցը ավարտուն տեսքի կբերվի միջոցառման ընթացքում հնչած առաջարկների հիման վրա և մինչև տարեվերջ հասանելի կլինի ԹԻՀԿ կայքում։

---------------------------------------------------------------

Այս միջոցառումը կազմակերպվել է «ՔՀԿ չափիչ՝ նպաստավոր միջավայրի և ՔՀԿ-ների իրավազորման կողմնացույց» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» (ECNL) հիմնադրամի և իր գործընկերների՝ Հայաստանում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», Ադրբեջանում «Էմ-Ջի Քընսալթինգ» ՍՊԸ-ի, Վրաստանում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի», Մոլդովայում «Պրոմո-Լեքս» ընկերակցության, իսկ Ուկրաինայում՝ «Անկախ քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի» (UCIPR) կողմից: