Մարտի 28-ին ԹԻՀԿ-ը ներկայացրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության գնահատման զեկույցի նախագիծը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը։ Վերջիններս, կարևորելով կատարված հետազոտությունը, նշեցին դրա կարևորությունը ՀՀ -ում կոռուպցիայի դեմ պայքարի գործում հակակոռուպցիոն մարմինների գործունեությանը կառավարության աջակցման, ինչպես նաև ԿԿՀ-ի գործունեության հետագա բարելավվմանը միտված առաջնային նպատակի իրագործումը։

Այնուհետև, ԹԻՀԿ հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները՝ նշելով, որ ԿԿՀ-ի գնահատումն իրականացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության քարտուղարության կողմից մշակված՝ հակակոռուպցիոն մարմինների գործունեության գնահատման գործիքով՝ միջազգային սկզբունքներից բխող 6 չափման խմբերով՝ 51 ցուցանիշներով: Մասնավորապես, դիտարկվել է Հանձնաժողովի անկախությունը և կարգավիճակը, ապահովվածությունը ֆինանսական և մարդկային ռեսուրսներով, հաշվետվողականությունը և ներքին բարեվարքությունը, հանրային պաշտոնյաների ու ծառայողների բարեվարքության պահանջների պահպանման ապահովումը, կանխարգելման, հակակոռուպցիոն կրթությունն ու հանրային իրազեկումը, ինչպես նաև՝ համագործակցությունն ու արտաքին հարաբերությունները: ԿԿՀ-ի գործունեությունը դիտարկվել է նաև «ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ» կոնվենցիայից բխող պահանջներին և Ջակարտայի հակակոռուպցիոն մարմինների գործունեությանը համապատասխանության տեսանկյունից։

Ներկայացմանը հաջորդեց զեկույցի և ԿԿՀ գործունեության գնահատման արդյունքում վերհանված առաջարկությունների աշխույժ քննարկում։ Առաջարկությունների փաթեթն ուղղված էր ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը, ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

Հաջորդիվ, ԹԻՀԿ-ը կամփոփի զեկույցը և կհրապարակի այն իր կայքում և սոցիալական մեդիա էջերում։

Մանրամասները՝ Ֆատկոր TV-ի ռեպորտաժում։