Հակակոռուպցիոն 9րդ դպրոցի ավարտը նշանավորվեց «Կոռումպաստան» խաղի ներկայացմամբ
Ավարտվեց հակակոռուպցիոն 9-րդ դպրոցը, որին մասնակից դարձան 22 երիտասարդ ՀՀ տարբեր մարզերից։ Վեցօրյա հագեցած դասընթացի ամփոփիչ շաբաթում քննարկումների և դասախոսությունների միջոցով ներկայացվեցին հետաքննական լրագրությունը և տեղեկատվության ազատությունը որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք, կոռուպցիան ՏԻՄ-երում, հակակոռուպցիոն պայքարի միջազգային փորձը և այլ թեմաներ։
Դասընթացի վերջին օրը նշանավորվեց «Կոռուպցիայի դեմ պայքարը Կոռումպաստանում» խաղի ներկայացմամբ։
Խաղը մշակվել է բերվել գերմանական CRISP մասնագիտացված կազմակերպությունից, այնուհետև ԹԻՀԿ կրթական թիմի մասնագետներն այն փոփոխել են՝ համաձայնեցնելով տեղական իրողություններին։ Խաղում յուրաքանչյուր դերակատարում ունի իրեն բնորոշ առանձնահատուկ դիրքորոշում, շահեր, շահերի բախում և ակնկալիքներ։ Խաղը անց է կացվում 5 փուլով՝ իրավիճակի վերլուծություն, օրենսդրական փոփոխություններ, հակակոռուպցիոն գործակալության ստեղծում, իրազեկման արշավ և քաղաքացիական հասարակության ներգրավում։
Յուրաքանչյուր փուլից հետո աշխատանքային հանձնաժողովը հավաքագրում է մտքերը՝ արդյունքում մշակելով Կոռումպաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը։
_________________________
Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ։