ԿԸՀ 2024 թ. Հայաստանի և այլ երկրների արդյունքները
Հայաստանի ԿԸՀ 2024թ. արժեքը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը՝ 47 միավոր 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։
180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը Խորվաթիայի հետ կիսում է 63-64-րդ տեղերը (2023 թ.-ին Հայաստանը գրավում էր 62-րդ տեղը):
Տվյալ երկրի ԿԸՀ համաթիվը հանդիսանում է այդ երկրի համաթիվը հաշվարկելու համար օգտագործված բոլոր աղբյուրների համար հաշվարկված համաթվերի միջին թվաբանականը։ Մասնավորապես, Հայաստանի ԿԸՀ 2024թ․ համաթիվը (47) հավասար է այն հաշվարկելու համար օգտագործված 6 աղբյուրների համաթվերի միջին թվաբանականին։ Այդ աղբյուրներն են` Բերթելսմանի հիմնադրամի 2024 թ. տրանսֆորմացիոն համաթիվը (51 միավոր, 2023-ին՝ 49), Ֆրիդոմ Հաուսի Անցումային փուլում գտնվող պետություններ 2024թ. զեկույցի Կոռուպցիա ենթահամաթիվը (44 միավոր, 2023-ին՝ 44), Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2024թ. վարկանիշը (46 միավոր, 2023-ին՝ 47), Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2024թ. ուղեցույցը (33 միավոր, 2023-ին՝ 32), Ժողովրդավարության բազմազանության ծրագրի 2024 թ․-ի հրապարակումը (50 միավոր, 2023-ին՝ 55) և Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման 2024թ. հրապարակումը (56 միավոր, 2023-ին՝ 54):
Գծապատկեր 1-ում ներկայացված են Հայաստանի ԿԸՀ արժեքները 2012-2024թթ. ընկած ժամանակահատվածում: Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ՝ Հայաստանը, ներառված է Արևելյան Եվրոպա - Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ։
Ինչպես և նախորդ չորս տարիներին, Հայաստանի ԿԸՀ արժեքը 2024 թվականին (47) ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջին արժեքից (այն պահպանվել է 43)։ Այն նաև գերազանցում է հարևան երկրների (բացի Վրաստանից) և ԵԱՏՄ մյուս երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) 2024 ԿԸՀ արժեքները։ Իր հարևաններից Թուրքիան (34) կիսում է 107-113-րդ տեղերը, Իրանը (23)` 151-153-րդ տեղերը, իսկ Ադրբեջանը (22)՝ 154-157-րդ տեղերը։ ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը (40) զբաղեցնում է 88-91-րդ տեղերը, Բելառուսը (33)՝ 114-120-րդ տեղերը, Ղրղզստանը (25)՝ 146-148-րդ տեղերը և Ռուսաստանը (22)՝ 154-157-րդ տեղերը:
Գծապատկեր 2-ում ներկայացված է Արևելյան Եվրոպա - Կենտրոնական Ասիա տարածաշրջանի երկրների ԿԸՀ արժեքները։ Ինչպես երևում է գծապատկերից, Հայաստանը,
53-55-րդ տեղերում գտնվող Վրաստանից (53) հետո, երկրորդ տեղում է տարածաշրջանի երկրների շրջանում։
Գծապատկեր 3-ում ներկայացված են Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների, ներառյալ Հայաստանի, 2024 ԿԸՀ արժեքները։
Ինչպես երևում է Գծապատկերից` Հայաստանը ԵԽ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ։ Սա նշանակում է, որ Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի՝ գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում։

