Անհետացող Երևան․ Բուզանդի փողոց
Երևանը երբեմն կորցնում է իր դեմքը՝ քար առ քարը, տուն առ տուն։ Այդ կորուստներից է Բուզանդի փողոցը՝ երբեմնի գողտրիկ ու պատմական հատված մայրաքաղաքի սրտում, որը մի ժամանակ Երևանի այցեքարտերից էր։ Այստեղ ժամանակին կանգուն էին 19-րդ դարի վերջից կառուցված տներ՝ յուրահատուկ ճարտարապետությամբ, պատմական հուշեր կրող պատերով և հուշարձանի կարգավիճակով։ Սակայն նույնիսկ այդ կարգավիճակն ու օրենքով նախատեսված պաշտպանությունը չկանխեցին դրանց անհետացումը։
2000-ական թվականներին, ինչպես հին Երևանի բազմաթիվ փողոցներում, Բուզանդի փողոցում ևս սկսվեց զանգվածային քանդում։ Խախտվեցին պատմամշակութային արժեքների պահպանմանն առնչվող բազմաթիվ օրենքներ, հին Երևանի շունչը տեղը զիջեց նորակառույցների տիպիկությանը։
Քանդված շենքերից էր նաև Հովհաննես Տեր Մկրտչյանի տունը՝ բացառիկ ճարտարապետական արժեք ունեցող շինություն։ 2004 թվականի ՀՀ կառավարության որոշմամբ այն ապամոնտաժվեց՝ խոստումով, թե հետագայում կվերականգնվի այլ վայրում։ Սակայն մինչ օրս այդ խոստումը չի կատարվել։ Ինչպես Տեր Մկրտչյանի տան, այնպես էլ տասնյակ այլ պատմական շենքերի ճակատագիր մնում է անորոշ․ դրանք սպասում են վերադառնալու իրենց տեղը՝ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև քաղաքի հիշողության, մշակույթի ու ինքնության մեջ։
ԹԻՀԿ առցանց շտեմարանում ներկայացված է 94 պատմական շենքի ճակատագիր՝ անցյալը, ճարտարապետական արժեքը, իրավական կարգավիճակն ու պահպանման խնդիրները։