Հայաստանի կառավարությունը կարևոր բարեփոխումներ է իրականացնում հանրային տեղեկությունների կառավարման և թվային ծառայությունների մատուցման ոլորտում՝ նպատակ ունենալով բարելավել թվային կառավարման համակարգերի թափանցիկությունը, արդյունավետությունն ու քաղաքացիների վստահությունը դրանց նկատմամբ։ Մասնավորապես, կառավարությունը հանրային քննարկմանը նոր օրենսդրական փաթեթ է ներկայացրել, որը նպատակ ունի՝

  • սահմանել միասնական տվյալների քաղաքականություն,
  • նվազեցնել պետական ​​ծառայությունների թվայնացումից բխող կիբերանվտանգության ռիսկերը,
  • ստեղծել կարգավորող մարմին՝ տվյալների պաշտպանության հետևողական մեխանիզմներ ներդնելու համար։

«Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագիծը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացվել է դեռևս 2023 թվականի դեկտեմբերից և անընդհատ վերանայվել է, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությունից ստացած առաջարկությունների հիման վրա։ Նախագծի սկզբնական տարբերակում առաջարկվում էր մեկ օրենքով կարգավորել տեղեկատվության ազատությունն ու հանրային տվյալների հասանելիությունը։ ՔՀԿ-ները քննադատեցին այդ նախագիծը և կոչ արեցին տվյալների քաղաքականությունը կարգավորել առանձին օրենքով՝ պահպանելով տեղեկատվության ազատության ոլորտում Հայաստանի առկա ձեռքբերումները։

2025 թվականի մայիսին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ, հրապարակեց «Հանրային տեղեկությունների մասին» և «Կիբեռանվտանգության մասին» օրենքների վերանայված նախագծերը, որոնք ավելի համակարգված և անվտանգ թվային միջավայր կապահովեն պետական մարմինների կողմից տնօրինվող տվյալների կառավարման համար։ Նախարարությունը հիմնավորում է այս օրենսդրական փաթեթը անձնական տվյալների պաշտպանության բարելավման, թվային ծառայությունների օպտիմալացման և աճող կիբեռսպառնալիքների պայմաններում ազգային անվտանգության ամրապնդման կարիքներով։ Բացի նշված նախագծերից, փաթեթը ներառում է «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել տեղեկատվական համակարգերի կարգավորման ոլորտում մասնագիտացված անկախ մարմին։

Թեև նախագծերի վերանայված տարբերակում ՔՀԿ-ների կողմից նախկինում բարձրաձայնված շատ խնդրահարույց կետեր են հասցեագրվել, այս փաթեթների վերաբերյալ ևս ՔՀԿ-ները մի շարք առաջարկներ են ներկայացրել, որոնք կապված են տեղեկատվության համար վճարների հնարավոր գանձման, տեղեկատվության հրապարակման ժամկետների, հրապարակման ենթակա տեղեկությունների տեսակների սահմանման հայեցողության ռիսկերի հետ։

Այս փուլում նոր օրենսդրական փաթեթը նախորդ նախագծերի բարելավված տարբերակն է ներկայացնում։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով «ՔՀԿ չափիչ» Հայաստանի տարեկան զեկույցների բացահայտումները առ այն, որ տեղեկատվության հարցումների պատասխանների տրամադրման և օրենքով պահանջվող տեղեկությունների հրապարակման իրավական կարգավորումները գործնականում հաճախ լիարժեք չեն կիրառվում, կարևոր է, որ ՔՀԿ-ներն ակտիվորեն վերահսկեն նոր օրենքների կիրառումը։ Ներկայումս պետական ​​հաստատությունները դժվարանում են անգամ «Տեղեկատվության ազատության մասին» գործող օրենքով պահանջվող տեղեկատվությունը պատշաճ կերպով հրապարակելու հարցում։ Ուստի ներդրվող օրենսդրության կիրառման համար աջակցության կարիք կլինի, այդ թվում՝ պետական ​​ծառայողների կարողությունների զարգացման տեսանկյունից, որպեսզի նրանք կարողանան նոր պահանջներին համապատասխան տվյալներ հավաքագրել, վերլուծել և հրապարակել։

Ամբողջական հոդվածը կարդացեք «ՔՀԿ չափիչ» ծրագրի կայքում։