Տեղեկանք ՀՀ Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի բնական ռեսուրսների և բնապահպանական բաղադրիչի վերաբերյալ
Սույն փաստաթուղթն ամփոփ ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում բնական ռեսուրսների կառավարման, օգտագործման և բնապահպանական հարցերին առնչվող խոստումները։
Ուսումնասիրության հիմքում ընկած են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում օրենքով սահմանված կարգով հրապարակված նախընտրական ծրագրերը։
2026 մայիսի 24-ի դրությամբ պարզվել է, որ 19 քաղաքական ուժերից միայն 10-ն ունեն նախընտրական ծրագիր։ Դրանցից 9-ն են անդրադարձել բնական ռեսուրսների կառավարման, օգտագործման և բնապահպանությանն առնչվող հարցերին։
Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների կառավարման վերաբերյալ քաղաքական ուժերի մոտեցումները զգալիորեն տարբերվում են։ Որոշ ծրագրերում բնապահպանությունը դիտարկվում է որպես ազգային անվտանգության, հանրային առողջության և կայուն զարգացման կարևոր բաղադրիչ՝ ներառելով կենսաբազմազանության, անտառների, ջրային ռեսուրսների պահպանության, թափոնների կառավարման և շրջակա միջավայրի մոնիթորինգի վերաբերյալ համապարփակ միջոցառումներ։ Մի շարք քաղաքական ուժեր կարևորում են նաև վերականգնվող էներգետիկայի զարգացումը, էներգախնայողությունը և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը։ Միաժամանակ, մի շարք ծրագրերում բնական ռեսուրսների, մասնավորապես՝ հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտները ներկայացվում են հիմնականում տնտեսական զարգացման, արդյունաբերական աճի և էներգետիկ ինքնաբավության համատեքստում՝ առանց շրջակա միջավայրի պահպանության կամ բնական ռեսուրսների կայուն կառավարման վերաբերյալ մանրամասն հանձնառությունների։ Որոշ քաղաքական ուժեր, ընդհակառակը, հանդես են գալիս հանքարդյունաբերության սահմանափակման, խիստ բնապահպանական չափանիշների կիրառման և բնական միջավայրի պահպանության օգտին։
Իրենց ծրագրերում բնապահպանությանն առնչվող դրույթներ ներառել են հետևյալ 9 քաղաքական ուժերը.
● «Ուժեղ Հայաստան» դաշինք, N 3
● «Միասնության թևեր» կուսակցություն, N 6
● «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, N 7
● «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն, N 8
● «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, N 10
● «Հանրապետություն» կուսակցություն, N 11
● «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն, N 14
● «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցություն, N 15
● «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, N 16
«Ուժեղ Հայաստան» դաշինք (N 3)
Ծրագրում (էջեր 29-30) բնապահպանական բաղադրիչը հիմնականում արտահայտվում է էներգետիկ ռեսուրսների զարգացման և կառավարման համատեքստում։ Մասնավորապես, նախատեսվում է զարգացնել արևային և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրները, խթանել էներգախնայողության գործունեությունը, զարգացնել հիդրոկուտակման հնարավորությունները և արդիականացնել էլեկտրական ցանցերը։
«Միասնության թևեր» կուսակցություն (N 6)
Ծրագիրը (էջեր 44-46) շրջակա միջավայրի պահպանությունը դիտարկում է որպես ազգային անվտանգության, հանրային առողջության և տնտեսական կայունության հիմնասյուն։ Նախատեսվում է վերանայել հանքարդյունաբերության ոլորտը՝ ներդնելով խիստ բնապահպանական ստանդարտներ և հանրային վերահսկողություն, կիրառել «աղտոտողը վճարում է» սկզբունքը և ապահովել շրջակա միջավայրի վերականգնման մեխանիզմներ։ Ծրագիրը նաև նախատեսում է ջրային ռեսուրսների պաշտպանության և արդյունավետ կառավարման համակարգերի ներդրում, օդի աղտոտվածության նվազեցում, թափոնների կառավարման և վերամշակման համակարգի զարգացում, կենսաբազմազանության և անտառների պահպանություն, ինչպես նաև կանաչ տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի խթանում։ Բնապահպանական քաղաքականության իրականացման շրջանակում առանձնահատուկ ընդգծվում է հանրային վերահսկողության դերը, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (N 7)
Ծրագիրը (էջեր 6, 7) նախատեսում է ջրային տնտեսության կառավարման համակարգի արմատական վերափոխում՝ բացառելով միջնորդ օղակները, նվազեցնելով ոռոգման ջրի ինքնարժեքը և ամրապնդելով ջրամատակարարողների ու ջրօգտագործողների միջև վստահությունը։ Միաժամանակ, ծրագիրը կարևորում է էներգետիկ և արդյունաբերական ինքնաբավության ապահովումը՝ նոր ժամանակակից ատոմակայանի կառուցման, պղնձաձուլարանների ստեղծման, մետաղական հումքի վերամշակման արդիականացման, գլոբալ տվյալների կենտրոնների, ինչպես նաև ռադիոդեղագործական և միջուկային բժշկության կենտրոնի հիմնման միջոցով։
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն (N 8)
Ծրագրում (էջեր 3-4) բնապահպանական բաղադրիչը հիմնականում արտահայտվում է ջրային ու էներգետիկ ռեսուրսների կառավարման համատեքստում։ Մասնավորապես, նախատեսվում է ջրային և հիդրոէներգետիկ ենթակառուցվածքների զարգացում, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի խթանում։ Նախատեսվում է նաև նոր ատոմակայանի կառուցում և էներգետիկ անկախության ապահովում։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (N 10)
Ծրագրում (էջեր 24-25) բնապահպանությունը դիտարկվում է որպես տնտեսական զարգացման հիմնարար ուղղություն՝ շեշտադրելով մաքուր բնության պահպանման և հանրային առողջության առաջնահերթությունը։ Ծրագրով նախատեսվում է հրաժարվել նոր հանքարդյունաբերության զարգացումից՝ սահմանափակվելով գործող ավանդական հանքերի շահագործմամբ, ինչպես նաև կիրառել խիստ էկոլոգիական չափանիշներ գործող հանքարդյունաբերական տնտեսվարողների նկատմամբ։ Նախատեսվում է փակել և կոնսերվացնել Երևանի օդը աղտոտող հանքերը, խրախուսել էկոգյուղատնտեսությունն ու էկոտուրիզմը, վերացնել աղբավայրերը և կառուցել աղբամշակման գործարաններ։ Ծրագիրը նաև նախատեսում է խստացնել քաղաքաշինական նորմերը՝ մասնավորապես պարկային գոտիների ստեղծման պարտադրանքով։
«Հանրապետություն» կուսակցություն (N 11)
Ծրագիրը (էջեր 1, 3) տնտեսության զարգացման և անվտանգության ապահովման համատեքստում նախատեսում է հանքահումքային ռեսուրսների լիարժեք և արդյունավետ օգտագործում, նոր ատոմակայանների կառուցում, ինչպես նաև ջրային ռեսուրսների կառավարման բարելավում՝ նոր ջրամբարների կառուցման և ջրի կուտակման ծավալների ավելացման միջոցով։ Ծրագիրը նախատեսում է վերակազմավորել կառավարության կառուցվածքը՝ ստեղծելով Գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների, ինչպես նաև Ատոմային էներգիայի և էներգետիկայի նախարարություններ։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (N 14)
Ծրագրում (էջ 12) ընդերքի աստիճանական ազգայնացումը ներկայացվում է որպես առաջնահերթություն։ Սակայն տվյալ առաջնահերթության համար կոնկրետ հանձնառություններ ծրագրում ներկայացված չեն։
«Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցություն (N 15)
Ծրագրում (էջեր 20, 23, 28-32) նախատեսվում է Սյունիքում ստեղծել հանքային հումքի վերամշակող գործարաններ և մետաղների պատրաստի արտադրանք արտադրող համալիրներ։ Լոռու մարզում նախատեսվում է հանքարդյունաբերության զարգացում՝ խիստ բնապահպանական վերահսկողության պայմաններում, ինչպես նաև հանքարդյունաբերությունից ստացվող շահույթի մի մասի ուղղում համայնքների զարգացմանը։ Ծրագրում նշվում է, որ Վայոց Ձորի սարերը, անտառները և ջրերը պետք է պաշտպանվեն, իսկ բնապահպանությունը դիտարկվում է որպես պետական անվտանգության մաս։ Նախատեսվում է նաև վերակառուցել ոռոգման համակարգերը և խմելու ջրի ցանցերը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (N 16)
Ծրագրում (էջեր 16, 24-25) կարևորվում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը, կենսաբազմազանության պահպանումը և կոշտ թափոնների արդյունավետ կառավարումը։ Նախատեսվում է ներդնել կոշտ թափոնների շրջանաձև կառավարման համակարգ՝ հիմնվելով եվրոպական երկրների փորձի վրա։ Ծրագրով նաև նախատեսվում է հանքարդյունաբերության ոլորտում կիրառվող ստանդարտները փուլային կերպով համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին։ Նախատեսվում է նաև Սևանա լճից ջրառի աստիճանական կրճատում, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ուժեղացում, կենսաբազմազանության պաշտպանության միջոցառումների իրականացում, ինչպես նաև օդի, ջրի և ճառագայթային ֆոնի մոնիթորինգի համակարգերի զարգացում։
Ռեֆորմիստների կուսակցության կողմից հրապարակված նախընտրական ծրագիրը չի անդրադառնում բնապահպանական հարցերին։
Հետևյալ 9 կուսակցություններն ԿԸՀ չեն ներկայացրել նախընտրական ծրագիր․
● «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը
● Հայաստանի շնորհապետական կուսակցությունը
● «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը
● «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը
● Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը
● «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը
● «Հայաստան» կուսակցությունների դաշինքը
● «Հանուն հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը
● «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

