ԵՀՔ իրականացումը` Բրյուսելյան այցի կիզակետում
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այցելել է Բրյուսել մասնակցելու երկու միջոցառումների: ԲՀՀ-Հայաստանի կազմակերպած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակության կազմում ապրիլի 26-29-ին նա ԵՄ հաստատություններին զեկուցել է Հայաստանի ԵՀՔ և ԵՄ այլ նախաձեռնությունների` կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ստանձնած առաջընթացի մասին, իսկ հարավկովկասյան երկրների ԹԻ այլ ներկայացուցիչների հետ մեկտեղ ս.թ. մայիսի 4-ին ներկայացրել է ԵՀՔ. հակակոռուպցիոն պարտավորությունների կատարման վերաբերյալ 2010 թ. զեկույցը Հայաստանի մասով: Շնորհանդեսը կազմակերպել էր ԹԻ քարտուղարությունը, ԹԻ ԵՄ հետ կապերի գրասենյակը` Նորվեգիայի արտգործնախարարության աջակցությամբ:
ԲՀՀ-Հայաստանի պատվիրակության կազմում պարոն Հոկտանյանը հանդիպումներ է ունեցել և քննարկել է Հայաստանի կառավարության արձանագրած առաջընթացը Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի, ԵՄ-ում Հայաստանի առաքելության և Եվրոպական քաղաքականության կենտրոնի ներկայացուցիչների հետ:
Ինչ վերաբերում է ԹԻ կազմակերպած միջոցառմանը` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի վերաբերյալ գնահատման նոր զեկույցները հրապարակվել են մայիսի 4-ին: ԹԻ մասնաճյուղերի կողմից կազմված զեկույցներում հատուկ ուշադրություն է դարձվել այդ երկրներից յուրաքանչյուրում դատաիրավական և հանրային ոլորտների բարեփոխումներին: Նրանցում նաև գնահատվել են, թե որքանով են իրականացվում Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (ԳՐԵԿՈ-ի) հանձնարարականները: Որպես մոնիտորինգի երկրորդ տարի` զեկույցում տեղ է հատկացվել թե 2010-ի փոփոխություններին և թե 2009-ի իրավիճակին: ԹԻ զեկույցները հրապարակվում են Եվրահանձնաժողովի միջոցառումների ծրագրի կատարման` տարեկան հաշվետվությունների ներկայացումից առաջ: