Բացե՛ք դուռը. ընտրությունների փոստատարն է
Մի՛ կորցրեք Ձեր հնարավորությունը հարցեր ուղղելու պատգամավորության թեկնածուներին և մասնակից դառնալու երկրի քաղաքական օրակարգի ձևավորմանը: Հայաստանի շարքային քաղաքացիներին այս բացառիկ հնարավորությունն ընձեռում է «Ընտրությունների փոստատար. 2012 թ. խորհրդարանական ընտրություններ» ծրագիրը, որն իրականացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից` Մեծ Բրիտանիայի դեսպանության, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի և Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:
Յոթ փոստատարներ ներգրավված են Հայաստանի 50 բնակավայրերի 800 քաղաքացիներից հավաքելու իրենց հուզող կամ իրենց կողմից կարևորվող համայնքային ու հանրապետական նշանակության հարցեր: Նախքան փոստային առաքելության իրականացմանը ձեռնամուխ լինելը նրանք մասնակցել են դասընթացի, որի ընթացքում ծանոթացել են փոստատարի վարքագծի կանոններին, ուղեցույցին, հատուկ մեթոդաբանությամբ մշակված ընտրանքին:
Երևանում գործում են երեք փոստատարներ, որոնցից մեկի մեկօրյա գործունեությունն է լուսաբանել Արմնյուզ հեռուստաընկերության նկարահանած տեսանյութը: Ընտրողները փոստատարին հիմնականում ուղղում են գործազրկության, աշխատատեղերի ու կենսաթոշակների վերաբերյալ հարցեր:
Այդ հարցերը հատուկ հեռուստահաղորդումների ժամանակ ուղղվելու են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին: Ծրագրի մասնակիցները հետամուտ են լինելու, որպեսզի դրանք արտացոլվեն 2012 թ. պատգամավորության թեկնածու կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերում: Ծրագրի համակարգող Քրիստինե Մարգարյանի կարծիքով ընտրողների ձայնը կուսակցություններին ու դաշինքներին հասցնելը նրանց ավելի հստակ ու պատասխանատու կդարձնի իրենց խոստումներում: