Ներկայացվել են ԹԻՀԿ իրականացրած մոնիտորինգի արդյունքները
Ս.թ. սեպտեմբերի 26-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և փորձագետ-վերլուծաբան Լյուդվիգ Խաչատրյանը ներկայացրել են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ իրականացված «2012 թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ» ծրագրի արդյունքները: Միջոցառման ժամանակ ամփոփ ներկայացվել են նաև ԹԻՀԿ կողմից իրականացված ու նույն ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցած կուսակցությունների և կուսակցությունների ու անհատների դաշինքի նախընտրական քարոզչության ֆինանսավորման ու վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգի արդյունքները:
2012 թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգի նպատակն էր ընտրական գործընթացը նկարագրող և օրենքով սահմանված մի շարք թվերի (օրինակ, ընտրողների թիվ, ընտրություններին մասնակցած ընտրողների թիվ, անճշտություններ և այլն) համադրման միջոցով վեր հանել ընտրությունների ժամանակ տեղ գտած հնարավոր խախտումները, ինչպես նաև հանդես գալ դրանց վերացմանն ուղղված առաջարկություններով:
Մոնիտորինգի հիմնական արդյունքներն էին.
- հանրապետության բոլոր մարզերի, Երևան քաղաքի, նրա վարչական շրջանների և համայնքների համար նրանց մշտական բնակչության և ըստ ընտրական ցուցակների ընտրողների թվի համադրումը,
- քվեարկության օրն ընտրողների մասնակցության դինամիկան և
- ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված անճշտությունների իրական չափերի վեր հանումը:
Ելնելով այդ արդյունքներից` ԹԻՀԿ-ը ներկայացնում է մի շարք առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն վեր հանված հնարավոր խախտումները չեզոքացնելուն և ընտրություններն ավելի թափանցիկ ու օրինական դարձնելուն:
ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցած կուսակցությունների և կուսակցությունների ու անհատների դաշինքի նախընտրական քարոզչության ֆինանսավորման և վարչական ռեսուրսների չարաշահման մանիտորինգն իրականացվել է Բաց հասարակության ինստիտուտ- Բուդապեշտի օժանդակությամբ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Այդ մոնիտորինգի նպատակն էր ուսումնասիրել և վերլուծել նախընտրական քարոզչության ֆինանսավորման և վարչական ռեսուրսների չարաշահման հետ կապված հնարավոր օրինախախտումները և վեր հանել այդ հարցերին առչվող օրենսդրական բացերը:
Մոնիտորինգի նախնական արդյունքների համաձայն, ընտրություններին մասնակցող կուսակցություններից (դաշինքից) և ոչ մեկը չի գերազանցել Ընտրական օրենսգրքով թույլատրված 100 միլիոն դրամը: Միևնույն ժամանակ, դրան մեծապես նպաստել է նաև այն հանգամանքը, որ Ընտրական ներկա օրենսգրքով նախընտրական քարոզչության հետ կապված որոշ ծախսեր պարտադիր չէ կատարել նախընտրական հիմնադրամների միջոցով, որը թույլ է տալիս դրանք ցույց չտալ և խուսափել վերը նշված ծախսերի թույլատրելի վերին շեմը գերազանցելուց:
Կազմակերպությունը պլանավորում է նույն մոնիտորինգային ուսումնասիրություններն անցկացնել նաև 2013 թ. նախագահական ընտրությունների ժամանակ և, ամփոփելով այդ երկու ընտրությունների մոնիտորինգի արդյունքները, հրապարակել դրանք առանձին հրապարակումներով:
Մանրամասների համար տես Ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգ. առաջարկություններ և Նախընտրական քարոզչության ֆինանսավորման և վարչական ռեսուրսների չարաշահման մոնիտորինգ.առաջարկություններ