Ընտրություններ 2013. ներկայացվել են որոշ դիտարկումներ
«Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը հայտնել է ԹԻՀԿ դիտարկումների որոշ արդյունքների մասին: 2013 թ. նախագահական ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգը Հայաստանում ծրագրի շրջանակում նա ներկայացրել է ընտրական թվերի համադրությամբ վերլուծական հաշվարկի արդյունքում բացահայտված փաստեր, որ վերաբերում են ընտրացուցակներին և քվեարկության վրա քաղաքացու ծախսած ժամանակին:
Հայաստանից հեռացածները, քանի որ հաշվառումից դուրս չեն եկել, օրինական հիմքով մնացել են ընտրացուցակներում, ինչն առաջացնում է բազմակի քվեարկության ռիսկ: Որևէ բնակավայրում առկա բնակչության ամենաշատը 75%-ն է 18 տարեկան և ավելի մեծ: Հետևաբար ընտրողների թիվը չի կարող գերազանցել տվյալ ընտրատեղամասի առկա բնակչության 75%-ը: Կոտայքի օրինակով մշտական բնակչության 91,59%-ը ընտրացուցակներում է: Եթե ընդունում ենք 75%-ը, ապա մնացած 16-17%-ը կամ Հայաստանից բացակայող ընտրողներն են, որոնք շարունակում են հաշվառված մնալ Հայաստանում կամ մահացածներն են և այլն:
Քաղաքացին կարող է քվեարկել լավագույն դեպքում ծախսելով 1 րոպե ժամանակ կամ առնվազն 45 վայրկյան: ԿԸՀ տրամադրած տվյալների համաձայն` կան ընտրատեղամասեր, որտեղ 3 ժամվա ընթացքում ավելացել են այնքան թվով քվեարկողներ, որոնց թիվն առնվազն զարմանալի է թվում: 101 տեղամասում եղել են այնպիսի ժամանակային ինտերվալներ, երբ 40, 36, 35 վայրկյանում տեղի է ունեցել քվեարկություն: Օրինակ, 3/31 տեղամասում առավոտվա 8-11-ը 35 վայրկյանը մեկ քվեարկություն է տեղի ունեցել, որը տարօրինակ է: