Սիրելի ակտիվ և գիտակից երիտասարդ, Ուրախ ենք հայտարարել անիմացիոն տեսանյութի մրցույթի մեկնարկի մասին: Ժողովրդավարության զարգացման համար առանցքային նշանակություն ունի հանրության մասնակցությունը երկրի կառավարման գործընթացներին, ինչը ենթադրում է լինել իրազեկ և պահանջատեր քաղաքացի: Մինչդեռ, 2012թ. Հայաստանում իրականացված ուսումնասիրությունների համաձայն ՀՀ բնակիչների մոտ 70%-ը չի ցանկանում դիմել պետական կառույցներին՝ տեղեկություն ստանալու համար: 2,365 հարցվածներից 66%-ին չեն հետաքրքրում հանրային ծախսերի մանրամասները: Նրանք ցանկություն չունեն իմանալ, թե որքա՞ն է պետությունը ծախսում կրթության ոլորտում, որքա՞ն է վարչապետի աշխատավարձը, ո՞ր ընկերություններից է պետությունը գնում ապրանքներ և ծառայություններ, ո՞ր կազմակերպություններն են ֆինանսավորում քաղաքական կուսակցություններին և այլ կարևոր հարցեր:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է անիմացիոն տեսանյութերի մրցույթ՝ նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիների հետաքրքրությունը հանրային ոլորտի և սեփական իրավունքների նկատմամբ՝ փոխելու քաղաքացիների վարքագիծը:

Մրցույթին ներկայացվող տեսանյութերը պետք է շահագրգռեն քաղաքացիներին լինել իրազեկ, խթանեն նրանց մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացներում և զարգացնեն հաշվետու կառավարման նկատմամբ պահանջատիրական մոտեցում տարբեր ոլորտներում:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան անձինք:

Ներկայացվող տեսանյութերը պետք է լինեն մինչև 3 րոպե տևողությամբ:

Անիմացիոն տեսանյութերի համար սահմանված է 4 մրցանակ: Տեսանյութերի գնահատումը կկատարվի հետևյալ չափանիշներով՝

- ազդեցիկություն

- ստեղծագործ մատուցում

- տեխնիկական հմտություն

Տեսանյութերը DVD կրիչով խնդրում ենք ներկայացնել «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գրասենյակ, (հասցե՝ Երևան, Այգեստան 9-րդ փողոց, տուն 6, հեռ.՝ 569910, 553069) օգոստոսի 19-21-ը, ժամը 10:00-19:00:

Մրցույթին առնչվող հարցերով խնդրում ենք դիմել Լենա Նազարյանին [email protected] էլեկտրոնային փոստով: