Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը ս. թ. օգոստոսի 20-21-ին Կիևում մասնակցել է «Քաղաքացիական հասարակության ներգրավումը շահերի բախման քաղաքականության մոնիտորինգում» ծրագրի շրջանակում անցկացված մտագրոհին: Միջոցառումը նպատակ ուներ գիտելիքների, հմտությունների ու փորձի փոխանակման միջոցով բարձրացնել չորս ԵՄ և ԱլԳ երկրների՝ Լեհաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունը կենտրոնական և տեղական մակարդակում շահերի բախման քաղաքականության մոնիտորինգ իրականացնելիս: ԹԻՀԿ-ը մեկնարկել է ծրագիրը ս. թ. հուլիսի 1-ից: Միջոցառման կազմակերպիչներն էին ԹԻ Մոլդովան և ԹԻ Ուկրաինան:

Միջոցառման կիզակետում ծրագրի ընդհանուր կառուցվածքն էր՝ արծարծելով խնդիրները, հիմնական գործողությունները, արդյունքների ցուցանիշները, ակնկալվող ազդեցությունը, աշխատանքային պլանը, գործընկերների հետ հարաբերությունները և տեղեկատվության աղբյուրները: Նաև քննության է առնվել շահերի բախման հայեցակարգն ու շահերի բախմանն առնչվող միջազգային փորձը: Չորս գործընկեր երկրների ներկայացուցիչները նկարագրել են իրենց երկրների շահերի բախման վերաբերյալ իրավական դաշտը և որոշել են, թե տարբեր իրավական շրջանակների առկայության պայմաններում ինչ է հնարավոր համատեղ ձեռնարկել և ինչպես պետք է շահերի բախման քաղաքականությունը կարգավորող փորձագիտական մակարդակ ապահովել՝ Մոլդովայի օրինակով: Նաև շահերի պաշտպանության քարոզարշավին առնչվող մտագրոհ է կազմակերպվել՝ հաշվի առնելով նմանություններն ու տարբերությունները: Ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում շահերի բախմանն առնչվող մոնիտորինգը համեմատվել է կենտրոնական համակարգի մոնիտորինգի հետ՝ վեր հանելու տարբերությունները: