Օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև փոխհարաբերակցությունը ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում
Ս.թ. նոյեմբերի 10-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. իշխանությունների տարանջատումը և հակակշռումը ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում» հանրային քննարկմանը և բանախոսել է «Օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև փոխհարաբերակցությունը ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում» թեմայով: Նա ներկայացրել է, թե ինչպես են իշխանության երկու ճյուղերի՝ գործադիրի և օրենսդիրի միջև եղած հարաբերակցությունը ֆորմալ առումով կարգավորվում սահմանադրության նախագծով, և դե ֆակտո որքանով է հավանական նոր նախագծի այնպիսի կիրառումը, որը կբերի էֆեկտիվ զսպումների ու հակակշռումների մեխանիզմներին՝ համեմատելով այլ երկրների փորձի հետ:
Վարուժան Հոկտանյանն իր բանախոսությունը սկսել է մեջբերելով լորդ Աքտոնի հայտնի խոսքը. «Իշխանությունը կոռումպացնում է, բացարձակ իշխանությունը բացարձակ է կոռումպացնում», որը ԹԻ հիմնական լոզունգն է: Կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից իշխանության ճյուղերի անկախության, զսպումների ու հակակշռումների մեխանիզմի բացակայության պայմաններում ի հայտ է գալիս բացարձակ իշխանության վտանգը: Հարց է առաջանում. ժամանակակից աշխարհում, որտեղ էապես ուժեղացել է գործադիր իշխանությունը, որքանո՞վ է օրենսդիրը կարողանում վերահսկել գործադիր իշխանությանը:
Մի շարք դրույթներ ուժեղացնում են ազգային ժողովի վերահսկիչ դերը` քննիչ հանձնաժողովների ստեղծումով, հարցապնդումների ինստիտուտի ուժեղացումով, բայց միևնույն ժամանակ կան բավականին լուրջ դրույթներ, որոնք ուժեղացնում են կառավարության անվերահսկելիությունը ԱԺ կողմից:
Ընդունվել է այսպես կոչված ռացիոնալ խորհրդարանական համակարգի կոնցեպցիան, որի գաղափարի հիմքում ընկած է այսպես կոչված կոնստրուկտիվ անվստահության քվեի գաղափարը, այսինքն եթե անվստահություն է հայտնվում վարչապետին, պետք է անմիջապես առաջադրվի այլընտրանքային թեկնածություն: Կառավարությունը, դառնալով գործադիր իշխանության կրող, ուժեղ դիրքեր է ստանում կոնստրուկտիվ անվստահության քվեի մեխանիզմի պատճառով: Եթե դրան ավելացնենք ԱԺ խմբակցությունների կոշտ կառուցվածքի պահը, հարց է առաջանում պատգամավորները կարո՞ղ են դուրս գալ խմբակցությունից, թե՞ ոչ: Եթե թույլատրվում է, արդյո՞ք կարող են խմբեր կազմել: Անկախ պատգամավոր կոնցեպցիան կլինի՞, թե՞ ոչ: Եթե կանոնակարգում մտցվի խմբակցություն փոխելու արգելքը, պրակտիկորեն անհնար կլինի անվստահության քվեի հայտնումը, ինչը ուժեղացնում է կառավարության դիրքերը: Եթե ոստիկանությունը, ազգային անվտանգությունը դառնան նախարարություններ՝ գործադիր իշխանության մաս ու զինված ուժերը անցնեն կառավարության վերահսկողության տակ, (խաղաղ պայմաններում վարչապետն է հրամանատարը), գործադիր իշխանությունը կստանա բավականին մեծ լիազորություններ արդեն գործող նախագծով:
Ինչպես կիսանախագահականը դարձավ սուպերնախագահական համակարգ, մեծ է վտանգը, որ խորհրդարանական համակարգը կարող է բերել սուպերվարչապետական կամ սուպեր կառավարության համակարգի:
Անցում է կատարվում քվազի միակուսակցական համակարգի, երբ կա մեկ կուսակցություն և անտուրաժի համար մի քանի կուսակցություն, որոնք որևէ դեր չեն կատարի քաղաքական կյանքում: Հայաստանը մտնում է կոնսոլիդացվող ավտորիտար ռեժիմ ունեցող երկրների շարքը: Կուսակցական համակարգը թույլ է: Ներկա իրավիճակում ընդդիմությունը, եթե 3/5-ից պակաս ձայներ ունենա, բոլոր նշանակումները, սահմանադրական օրենքները կընդունվեն իշխող մեկ կուսակցության կամ մեծամասնության կողմից:
Եթե իշխող կուսակցության գաղափարախոսությունը դառնա նաև պետության գաղափարախոսություն, մեծ ռիսկ ենք ունենում անցնելու կուսակցապետական համակարգի, որը ավելի վատ է, քան միակուսակցական համակարգը:

