Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների մոնիտորինգի ծրագրի շրջանակում 2024թ. օգոստոսի 1-ին կազմակերպել էր «Քաղաքային պլանավորման երևանյան մարտահրավերները» խորագրով ֆորում-քննարկում։

Ֆորումի ընթացքում պանելային քննարկումների միջոցով վեր են հանվել Երևանի կառուցապատման ներկա պրակտիկայի հետևանքով առաջացած խնդիրները, անդրադարձ է կատարվել դրանց առաջացման պատճառներին և առաջարկվել են լուծումներ:

Միջոցառմանը ներկա են գտնվել 60-ի ավել մասնակիցներ, այդ թվում՝ ոլորտի փորձագետներ, քաղաքային պլանավորման մասնագետներ, ճարտարապետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց Երևանի կառուցապատման ընթացիկ պրակտիկայից բխող խնդիրներին, ինչպիսիք են`

  • հասարակական տրանսպորտի բացերը
  • կայանատեղերի պակասը
  • խցանումները
  • կանաչ տարածքների կրճատումը
  • օդի աղտոտվածությունը և աղմուկի բարձր մակարդակը, որոնք բացասաբար են ազդում բնակիչների կյանքի որակի վրա:

Քննարկվեցին նաև սեյսմիկ անվտանգության, մշակութային արժեքների պահպանման, ինչպես նաև ենթակառուցվածքների՝ ջրի, գազի և կոյուղու վիճակի, և աղբի հեռացման համակարգի հետ կապված խնդիրները:

Առանձին ուշադրություն է դարձվել քաղաքի խնդիրների արմատական պատճառներին, որոնց մեջ ընդգրկվում են իրավական բացերը, ոչ պրոֆեսիոնալ կառավարման հարցերը, կոռուպցիոն ռիսկերը, որոշումների կայացման գործընթացում թափանցիկության և մասնակցայնության բացակայությունը, գոտիավորման և թույլտվությունների տրամադրման գործընթացների բացերը:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցան նաև աշխատանքային քննարկումներ, որտեղ վերը նշված խնդիրների վերաբերյալ առաջարկվեցին լուծումներ, որոնք կուղարկվեն Երևանի քաղաքապետարան։

Տեսանյութը՝ factor.am