ԹԻՀԿ հրապարակել է ՀՀ դատախազության գործունեության գնահատման զեկույց, որի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը և ՀՀ դատախազությանը՝ ամրապնդելու կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմները և բարձրացնելու հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետությունը։

Հետազոտությունը գնահատում է ՀՀ դատախազության համապատասխանությունը միջազգային չափանիշներին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիային և Ջակարտայի սկզբունքներին։ Այն միաժամանակ բացահայտում է համակարգի ուժեղ և թույլ կողմերը և ներկայացնում բարելավման ուղղված առաջարկություններ։

Գնահատումն ընդգրկում է 2021–2024 թվականները և հիմնված է օրենսդրական ակտերի, պաշտոնական տվյալների, բաց աղբյուրների և փորձագիտական վերլուծությունների վրա։ Արդյունքները ցույց են տալիս, որ դատախազության ինստիտուցիոնալ անկախությունն ու ռեսուրսային ապահովվածությունը համեմատաբար բարձր են, սակայն թուլություններ կան հաշվետվողականության, կանխարգելման և հանրային իրազեկման ոլորտներում։

Ջակարտայի սկզբունքների համատեքստում գնահատականը միջինից բարձր է, սակայն արտաքին հաշվետվողականությունն ու հանրային հաղորդակցությունը մնում են թույլ կողմեր։ Ընդհանուր կատարողականը դեռ չի արտացոլում առկա ինստիտուցիոնալ ներուժը։

Զեկույցը եզրակացնում է, որ հիմնական մարտահրավերները կապված են թափանցիկության, կանխարգելման գործառույթների և հանրային վստահության ամրապնդման հետ։ Այս հիմքով առաջարկվում են բարեփոխումներ՝ ուղղված հաշվետվողականության բարձրացմանը, ինստիտուցիոնալ անկախության ամրապնդմանը և հանրային հաղորդակցության զարգացմանը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։